Երեկվա օրը համառոտ. փետրվարի 2

Փետրվարի 2-ին Վրաստանում արձանագրված կորոնավիրուսով վարակման ընդհանուր թիվը հասավ 1 մլն 226 հազար 444-ի: Մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 26 հազար 320 նոր դեպք, որը հակառեկորդ էր: Վարակից մահացել է ևս 44 մարդ, ընդհանուր՝ 15 հազար 60:

Վրաստանում ամեն օր գրանցվում է կորոնավիրուսով վարակման նոր հակառեկորդ։ Փետրվարի 2-ին գրանցված դեպքերի քանակով առաջատարը շարունակում է մնալ մայրաքաղաք Թբիլիսին, որտեղ գրանցվել է 12 804 նոր դեպք:

Ըստ Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի պրոֆեսոր, իմունականխարգելման տեխնիկական խորհրդատուների ազգային խմբի ղեկավար Իվանե Չխաիձեի՝ Վրաստանում օրական 3-4 հազար երեխա է վարակվում կորոնավիրուսով։ Չխաիձեի խոսքով՝ 10 000 վարակված դեպք երկրում նշանակում է, որ օրական առնվազն 1 500 երեխա է վարակվում կորոնավիրուսով։

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր տնօրեն Թենգիզ Ցերցվաձեի խոսքով՝ Վրաստանում բնակչության պատվաստումների և դիմակների օգտագործման մակարդակը ցածր է, անցկացվում են բազմամարդ ժողովներ և հանրահավաքներ, ինչը նպաստում է դեպքերի ավելացմանը: Ցերցվաձեի խոսքով, հենց դա է նշանակում «մենք կորցրել ենք համավարակի ղեկը» արտահայտությունը։

Ցերցվաձեն սոցցանցում նաև ծավալուն հայտարարություն է հրապարակել՝ «Ով ուզում է երկրում COVID-ի ապոկալիպսիս լինի» խորագրով՝ խոսելով Վրաստանում համավարակի կառավարման մասին։

Գինու ազգային գործակալությունը հայտնում է, որ պետության առաջնահերթությունը վրացական գինու որակը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելն է։

«Գինու գործակալության գործունեության հիմնական ուղղություններից մեկն է վրացական գինու և խաղողից ստացված սպիրտի որակի վերահսկումը։ Արտադրության միջազգային ստանդարտներին համապատասխանեցումն ապահովում է վրացական ալկոհոլային խմիչքների, այդ թվում՝ առաջին հերթին գինու մրցունակության և պահանջարկի աճ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկայում»,- ասվում է գինու գործակալության տարածած հաղորդագրությունում։

Վառելիքի թանկացման մասին խոսակցություններն էլ կարծես երեկ հաստատվեցին։ Ըստ «Բիօյլ» ընկերության գլխավոր տնօրեն Ռուսուդան Ռամազաշվիլի՝ Վրաստանում վառելիքը կթանկանա նաև ոչ բրենդային կայաններում՝ թանկացումը կկազմի 10 թեթրի։ Ռամազաշվիլիի խոսքով՝ ընկերության գազալցակայաններում, ի տարբերություն բրենդայինների, արդեն իսկ ցածր գներ են, և վառելիքի սովորական մակնիշն արժե 2 լարի 75 թեթրի, թեև հաշվի առնելով միջազգային գները՝ գնի հետագա բարձրացումն անխուսափելի է։

Երեկ՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրի ներսում ազգային համաձայնություն հաստատելու գործընթացի շուրջ խոսել է Եվրախորհրդարանի պատգամավոր Սվեն Միքսերի հետ։

Այսօր ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը «Ազատություն միշային» կարգախոսով հերթական հանրահավաքը կանցկացնի Թբիլիսիի քաղաքային դատարանի դիմաց։ Հանրահավաքը կմեկնարկի ժամը 11:00-ին։

Իշող «Վրացական երազանք»-ը Ռուսթավիում և Գարդաբանիում ապրիլի 2-ին կայանալիք միջանկյալ ընտրություններում առաջադրել է Իրակլի Շատակիշվիլիին, իսկ Բաթումիի քաղաքային խորհրդում՝ Ռամազ Ջինչարաձեին: Այս մասին քաղխորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։

Կոբախիձեի խոսքով՝ երկու ընտրություններում էլ հաղթելը սկզբունքորեն կարևոր է, քանի որ Ռուսթավի-Գարդաբանի ընտրատարածքի ընտրություններում հաղթելը զգալիորեն կամրապնդի խորհրդարանական մեծամասնության շարքերը։ Բաթումիի ընտրությունները, ըստ «Վրացական երազանքի» նախագահի, քաղաքային խորհրդում պետք է ապահովեն իշող ուժի ամուր մեծամասնություն՝ «քաղաքի անխափան զարգացման համար»։

Ըստ Վրաստանի խորհրդարանի բյուջետային գրասենյակի հրապարակած զեկույցի՝ Վրաստանի կառավարությունը 2021 թվականին 5,247 միլիարդ լարիի պարտք է վերցրել։ Նշվում է, որ նախորդ տարի կառավարությունը մոտ 5,553 մլրդ լարի արտաքին պարտք է վերցրել, որից 1,713 մլրդ լարին ստացել է եվրոբոնդերի տեղաբաշխմամբ, մոտ 2,467 մլրդ լարին վերցրել է բյուջետային վարկերից, իսկ 1,373 մլրդ լարի՝ ներդրումային վարկերից։

Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային վարչության փետրվարի 2-ի տվյալներով՝ ձյան մաքրման ինտենսիվ աշխատանքների արդյունքում Կոդա-Պարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 94-110 կմ հատվածում (Փարվանայի լեռնանցք) թեթև մարդատար ավտոմեքենաների երթևեկությունն ազատ է։

Եղանակային կանխատեսում․ Վրաստանում փետրվարի 4-ից 6-ը սպասվում են ցուրտ ու տեղումնառատ եղանակ։ Հնարավոր է նաև ուժեղ քամի և բուք։ Շրջակա միջավայրի ազգային վարչության տվյալներով՝ սպասվում է առատ ձյուն, մառախուղ, բուք և ձնահյուս, ճանապարհների որոշ հատվածներ կարող են պատվել մերկասառույցով։ Լեռներում սպասվում է 4-5 բալ ուժգնությամբ բուք։