Երևանի և Բաքվի միջև Թբիլիսին կարևոր միջնորդություն է իրականացրել. վարչապետ

Երևանի և Բաքվի միջև Թբիլիսին կարևոր միջնորդություն է իրականացրել, Վրաստանի կառավարության 2023 թվականի արդյունքների վերաբերյալ զեկույցի արտաքին քաղաքական ձեռքբերումները թվարկելիս հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Ըստ նրա՝ Թբիլիսին տարածաշրջանում սերտ բարեկամական հարաբերություններ ունի գործընկերների՝ Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի հետ։

«Ինչպես գիտեք, մենք խաղաղության նախաձեռնությունը սկսել ենք 2 տարի առաջ, հայտարարել ենք դրա մասին և նույնիսկ ունեցել ենք որոշակի պայմանավորվածություններ մեր ադրբեջանցի ու հայ գործընկերների հետ, և Վրաստանն այստեղ կարևոր միջնորդություն է իրականացրել»,- ասել է վարչապետն ու հավելել՝ Թբիլիսին, անշուշտ, շահագրգռված է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատմամբ։

Նրա խոսքով, այդ նպատակին հասնելու գործում Վրաստանը զգալի ներդրում ունի: Ղարիբաշվիլիի գնահատմամբ՝ Թբիլիսիի խաղաղ նախաձեռնությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև որոշակի արդյունքներ է տվել. «Նշեմ, որ որոշ ժամանակ առաջ Վրաստան էին այցելել Ադրբեջանի և Հայաստանի վարչապետները։ Մենք բացառիկ հնարավորություն ունեցանք հանդիպում անցկացնելու երկու երկրների ղեկավարների հետ։ Կարծում եմ՝ շատ հետաքրքիր նախադեպ էր, որը մենք էինք ստեղծել»:

Հարկ է նշել, որ հոկտեմբերին Թբիլիսիում անցկացված «Մետաքսի ճանապարհի ֆորում»-ի բացման ժամանակ իր ելույթում, որին մասնակցում էին Հայաստանի և Ադրբեջանի վարչապետները, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել էր. «Պատրաստ ենք աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ, որպեսզի Հարավային Կովկասում վերջնականապես երկարաժամկետ խաղաղություն հաստատվի»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆորումի իր ելույթում ասել էր. «Ակնհայտ է, որ մեր տարածաշրջանը` Հարավային Կովկասը, ունի խաղաղության կարիք»: