Բռնության ենթարկված կանանց մեծ մասը չի բարձրաձայնել բռնության մասին․ հետազոտություն

ՄԱԿ-ի կանանց կազմակերպության նախաձեռնությամբ և Եվրամիության աջակցությամբ անցկացված հետազոտության մեջ նշվում է, որ Վրաստանում յուրաքանչյուր 4-րդ կին իր զուգընկերոջ բռնության զոհն է դարձել։

Ըստ հետազոտության՝ Վրաստանում յուրաքանչյուր երկրորդ կին իր կյանքի ընթացքում ենթարկվել է առնվազն մեկ ձևի բռնության։ Տվյալների համաձայն՝ հարցվածների 24 տոկոսը ենթարկվել է հոգեբանական բռնության, 8 տոկոսը` տնտեսական բռնության, 6 տոկոսը՝ ֆիզիկական բռնության, իսկ 4 տոկոսը՝ սեռական բռնության։

Հետազոտության մեջ նշվում է, որ կանանց մեծ մասը չի բարձրաձայնել, որ ենթարկվել է բռնության, 38,2 տոկոսը ոչ մեկի հետ չի խոսել այդ թեմայով։ 10 կանանցից 2-ը օգնություն են խնդրել ինչ-որ կազմակերպությունից, 10 հոգուց 1-ը դիմել է ոստիկանություն։

Հետազոտության շրջանակներում 15-69 տարեկան 3300 կին և 1100 տղամարդ հարցվել են ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ այլ քաղաքներում ու գյուղերում։