Երեկվա օրը համառոտ. մայիսի 2

Վրաստանի Ազգային բանկի (ԱԲ) զեկույցի համաձայն, Վրաստանում կեղծ փողերի շրջանառությունն ավելացել է: ԱԲ-ի տվյալներով՝ աճել է կեղծ լարիի, ինչպես նաև եվրոյի ու դոլարի թղթադրամների շրջանառությունը։

Գերմանիայի Բունդեսթագի Եվրամիության հարցերով հանձնաժողովի պատվիրակությունը մայիսի 2-ից 5-ը կգտնվի Վրաստանում:

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին բեռնատարներ են կուտակվել։ Տեղեկություն տարածվեց, ըստ որի` միայն հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաներին են արգելում հատել սահմանը։

Քվեմո Քարթլիի Մառնեուլիի մունիցիպալիտետի դպրոցներում կարգավիճակ ունեցող 1 228 ուսուցիչ կա:

Ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների վարչության տարածած հաղորդագրության համաձայն՝ դեպի Քոբուլեթի կկառուցվի լրացուցիչ երկկողմանի ճանապարհ։

Մայիսի 6-ին Թբիլիսիի Վակեի այգում ժամը 14:00-ից մինչև 17:00-ը կանցկացվի «Կարիերայի փառատոն» միջոցառումը։

Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Անի Ծիթլիձեն ասել է, որ կուսակցությունը դպրոցներում սննդի խնդրի լուծման երկու տարբերակ է առաջարկել կառավարությանը:

Տաշքենդ-Թբիլիսի թռիչքուղով կսկսի գործել ուզբեկական մեկ այլ ավիաընկերություն՝ CENTRUM AIR-ը:

Թամար Բաչալիաշվիլիի գործով նախկին քննիչ Սերգո Շուբիթիձեի «Ֆորմուլա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի հիման վրա Թբիլիսիի դատախազությունում հետաքննություն է սկսվել ապացույցների հնարավոր կեղծման վերաբերյալ։

Վրաստանում արևածաղկի ձեթը հավանաբար ավելի կէժանանա:

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն հայտարարել է, որ իշխող թիմը չի աջակցի նաև «քոլ կենտրոնների» հարցով հետաքննող հանձնաժողովի ստեղծմանը։