Երթ՝ ընդդեմ «գործակալների մասին» օրենքի

Ապրիլի 9-ի ժամը 18:00-ին Թբիլիսիում Առաջին հանրապետության հրապարակից մինչև երկրի խորհրդարան կանցկացվի ազատության երթ ընդդեմ «գործակալների մասին» օրենքի։ Երթը կազմակերպել են Վրաստանի քաղհասարակությունը, գործող հասարակական կազմակերպությունները։

Սոցցանցերում տարածվող հաղորդագրության մեջ նշված է, որ երթի նշանաբանն է` «Այո` Եվրոպային, ոչ՝ ռուսական օրենքին»։

Հատկանշական է, որ այսօր՝ ապրիլին 8-ին ևս Թբիլիսիում խորհրդարանի հետնամուտքի մոտ տեղի է ունեցել բողոքի ցույց` ընդդեմ «գործակալների մասին» օրենքի խորհրդարանում քննարկմանը։ Բողոքի ցույցին մասնակցել են քաղհասարակության ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, անձինք, որ դեմ են օրենքի կրկին քննարկմանը։

Ի դեպ, Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կրկին մտադիր է ընդունել «գործակալների մասին» օրենքը, որը հայտնի է նաև «ռուսական օրենք» անվամբ: Կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն «Վրացական երազանքի» կենտրոնական գրասենյակում ապրիլի 2-ին կայացած մեծամասնության նիստում ընդունված որոշումը հանրությանը ներկայացրել է ապրիլի 3-ին: Մդինարաձեն նշել է՝ «նոր օրինագծի տեքստը նման կլինի նախկինին, իսկ արտաքին ազդեցության գործակալ» տերմինը կփոխարինվի «օտարերկրյա տերության շահերը սպասարկող կազմակերպություն» բառով։

Ընդգծենք՝ 2023 թվականի մարտին «Վրացական երազանքը» չկարողացավ ընդունել «Օտարերկրյա գործակալների» օրենքը։ «Օտարերկրյա գործակալների» փաթեթը երկու օրինագիծ էր ներառում՝ «Օտարերկրյա ազդեցության մասին» և «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին»: Աղմկահարույց այս երկու օրինագծերն էլ խորհրդարան էր բերել «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժումը։ Փաթեթը ենթադրում էր «օտարերկրյա գործակալներ» կոչել բոլոր այն ոչ բիզնես իրավաբանական անձանց ու լրատվամիջոցներին, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը ֆինանսավորում են օտար ուժերը։ Հեղինակները դա համարում են «ամերիկյան», ընդդիմախոսները՝ «ռուսական»։

Ուշագրավ է, որ փաթեթը քննադատել էին Վրաստանում ԱՄՆ դեսպանությունըԵՄ-ն և ՄԱԿ-ի ներկայացուցչությունները, ՆԱՏՕ-ն, միջազգային այլ կառույցներ և եվրախորհրդարանականներ: Աղմկահարույց օրինագծերը տապալվեցին և խորհրդարանից հետ կանչվեցին հասարակության բարձրացրած աղմուկի և բազմահազարանոց ակցիաների շնորհիվ: