Եթե այդպես եք մտածում, միգուցե տեղ չունեք Եվրոպայում․ Տոմաս Իլվես

Էստոնիայի նախկին նախագահ Տոմաս Հենդրիկ Իլվեսը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի այն հայտարարությանը, թե Եվրախորհրդարանի պատգամավորները ցանկանում են Վրաստանը ներքաշել պատերազմի մեջ, պատասխանել է՝ եթե ​​իսկապես այդպես եք մտածում, միգուցե տեղ չունեք Եվրոպայում։

«Իհարկե` տեղ չունեք նման հայտարարություններ անելու դեպքում, և շատ ավելի լավը կլինի Եվրոպան առանց նրանց, ովքեր նման վարքագիծ են դրսևորում Եվրոպայի նկատմամբ»,- գրել է Էստոնիայի նախկին նախագահը։

Հիշեցնենք, որ Իրակլի Ղարիբաշվիլին երեկ ասել էր, որ Վրաստանում շարունակվող բողոքի ակցիաների ժամանակ մի քանի պատգամավորներ հայտարարել են, որ ռեժիմը պետք է տապալել ու փոխել։ Նա ասել էր, որ Եվրախորհրդարանի ցանկությունն էր և է Վրաստանին ներքաշել պատերազմի մեջ։ Ըստ նրա` Եվրոպայի ցանկությունը Վրաստանում երկրորդ ճակատ բացելն է։