Եվրաանդամակցության՝ կառավարության ծրագրի բովանդակությունը հստակեցման կարիք ունի

Վրաստանյան քաղաքացիական կազմակերպությունների մի մասը դրական է գնահատում Եվրահանձնաժողովի հանձնարարականների կատարման կառավարության ծրագրի հաստատումը, սակայն նշում է, որ ծրագրի բովանդակությունը մի քանի ուղղություններով հստակեցման կարիք ունի։

«Սոցիալական արդարության կենտրոն» հասարակական կազմակերպության (ՀԿ) տարածած հաղորդագրության համաձայն, այս կապակցությամբ 10 ՀԿ-ներ հանդես են եկել հայտարարությամբ, որում նշվում է, որ գործողությունների ծրագրի փաստաթուղթն ընդհանուր է և ամբողջությամբ չի արտացոլում Եվրոպական հանձնաժողովի կողմից սահմանված առաջարկությունները։

ՀԿ-ներն աջակցում են Վրաստանի համար Եվրահանձնաժողովի կողմից սահմանված քայլերի իրականացման համար կառավարության կողմից հաստատված ծրագրին։ Ըստ ՀԿ-ների՝ գործողությունների ծրագրի հաստատումը դրական քայլ է, որը պետք է նպաստի կառավարության ավելի բաց լինելուն և հաշվետվողականությանը, սակայն, ներկայացված ծրագիրը պատշաճ ներգրավվածությամբ չի մշակվել, և դրա բովանդակությունը շատ ուղղություններով հստակեցման կարիք ունի։

«Գործողությունների ծրագրի մշակումը կարևոր քայլ է, որը պետք է ներշնչի քաղաքացիական հասարակության, քաղաքական սպեկտրի և միջազգային հանրության վստահությունը աշխատանքային գործընթացների նկատմամբ։ Սակայն, քաղաքացիական կազմակերպությունները և ընդդիմադիր կուսակցությունները նույնիսկ ներգրավված չեն եղել գործողությունների ծրագրի մշակման և հաստատման գործընթացում։ Հատկանշական է, որ քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը որոշումների կայացման գործընթացում Եվրոպական հանձնաժողովի առաջնահերթություններից է։

Ճիշտ է՝ գործողությունների ծրագիրն ուղարկվել է Եվրահանձնաժողով նախքան դրա հրապարակումը, սակայն հանրությանը դեռևս հայտնի չէ, թե ինչպիսի հաղորդակցություն/հետադարձ կապ է տրամադրվել Եվրոպական հանձնաժողովի կողմից և արդյոք վրացական կողմը հաշվի է առել Հանձնաժողովի առաջարկությունները: Այս հարցը հատկապես ուշագրավ է այն ֆոնին, որ կառավարությունը արդեն իսկ հաստատված փաստաթուղթ է ուղարկել Եվրահանձնաժողով»,- նշված է ՀԿ-ների հաղորդագրության մեջ:

ՀԿ-ների պնդմամբ՝ ինստիտուցիոնալ առումով գործողությունների ծրագիրը հավանության է արժանացել կառավարության կողմից, մինչդեռ դրանում նկարագրված մի շարք միջոցառումներ/գործողություններ գտնվում են խորհրդարանի մանդատի ներքո: Գործողությունների ծրագրի մշակումը/հաստատումն այս կերպ անտեսում է իշխանության թևերի միջև հավասարակշռությունը և նվազեցնում խորհրդարանի դերը երկրի ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների որոշման գործընթացում. «Կարծում ենք, որ գործողությունների ծրագիրը պետք է մշակեր խորհրդարանը, թե ոչ, գոնե իր ակտիվ ներգրավմամբ, թեև հանրությանը հայտնի չէ, թե օրենսդիր մարմինը որքան ակտիվ է ներգրավված եղել գործողությունների ծրագրի մշակմանը»:

2023 թվականի դեկտեմբերի 14-ին Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ շնորհելուց հետո Եվրահանձնաժողովը սահմանեց երկրի բարեփոխումների 9 առաջնահերթ քայլեր, որից հետո կբացվեն Վրաստանի ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները։ Եվրահանձնաժողովի կողմից սահմանված 9 առաջնահերթ քայլերը կատարելու համար Վրաստանի կառավարությունը մշակել է գործողությունների ծրագիր, որը հրապարակվել է միայն դեկտեմբերի 25-ին, թեև նոյեմբերի 27-ին նշված փաստաթուղթը հաստատվել է Եվրոպական ինտեգրման կառավարական հանձնաժողովի կողմից։

Վրաստանը Եվրամիության անդամակցության թեկնածու է: Դեկտեմբերի 14-ի գագաթնաժողովում ԵՄ անդամ երկրների ղեկավարները հաշվի են առել հանձնաժողովի հանձնարարականը և Վրաստանին տվել թեկնածու երկրի կարգավիճակ՝ հաշվի առնելով, որ 9 քայլ է արվելու։