Եվրաինտեգրման գործընթացը՝ Ղարիբաշվիլի-Միշել հանդիպման օրակարգում

Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը և բարեփոխումների օրակարգն են եղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի Դուբայում կայացած հանդիպման թեմաներից: Հանդիպմանն ուշադրություն է դարձվել Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ Եվրահանձնաժողովի դրական հանձնարարականին։

Վրաստանի կառավարության փոխանցմամբ՝ վարչապետը Եվրոպական խորհրդի նախագահին տեղեկացրել է եվրաինտեգրման ճանապարհին Վրաստանի կողմից արդեն իսկ իրականացվող բարեփոխումների մասին։ Ղարիբաշվիլին նշել է՝ Վրաստանը շարունակում է Եվրամիության հանձնարարականների կատարման հաջողությամբ սկսված գործընթացը։

«Կառավարությունը յուրաքանչյուր բարեփոխման համար ունի կոնկրետ տեսլական, գրված է գործողությունների համապատասխան ծրագիր, իրականացման ժամկետներ, և այս գործընթացում կառավարությունն աշխատում է Եվրամիության ներկայացուցիչների հետ համակարգված։

Կառավարության ղեկավարի խոսքով, Վրաստանի արձանագրած առաջընթացը հաստատվել է Եվրահանձնաժողովի կողմից, և այժմ մեր երկիրը սպասում է թեկնածուի կարգավիճակ տալու վերաբերյալ Եվրոպական խորհրդի դրական որոշմանը»,- նշված է կառավարության տարածած հաղորդագրության մեջ:

Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Միշելին՝ ԵՄ հանձնարարականների իրականացման գործընթացում ցուցաբերած օգնության և աջակցության համար և ընդգծել Եվրոպական խորհրդի նախագահի հետագա աջակցության կարևորությունը եվրաինտեգրման ճանապարհին։

Ի դեպ, Ղարիբաշվիլին Դուբայում մասնակցում է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովի համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովին: