ԵԽ պատգամավորների այցը Վրաստան որոշիչ դեր կունենա. կարծիքներ

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մակալիստերի գլխավորած պատվիրակության այցը Վրաստան որոշիչ դեր կունենա Վրաստանի եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հարցում։ Նման կարծիք են հայտնում քաղաքական գործիչները և փորձագետները։

«Հիմա պատմական պահ է Վրաստանի կառավարության համար՝ հստակ դրսևորելու քաղաքական կամք՝ իրականության վերածելու Վրաստանի ժողովրդի եվրոպական ձգտումները», — մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, պատվիրակության ղեկավար Դեյվիդ Մակալիստերը։

Եվրախորհրդարանականների Վրաստան այցի շրջանակներում քննարկվեցին Վրաստանի և ԵՄ-ի միջև ասոցացման համաձայնագրի վերաբերյալ տարեկան զեկույցը և Վրաստանի դիմումը ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու մասին։

«Եվրախորհրդարանի պատգամավորների ցանկացած այց Վրաստան խիստ կարևոր է՝ հաշվի առնելով եվրաինտեգրման ներկա գործընթացը։ Այս այցը չէր կարող վճռորոշ չլինել, ուստի Վրաստանի թեկնածուի կարգավիճակ ստանալը և հետագա ձեռքբերումները կապված են նաև այս այցի հետ», — «Ալիք մեդիայի» հետ զրույցում նշում է քաղաքագետ Գիորգի Մելաշվիլին։

Նրա խոսքով, պատգամավորների այցի բուն նպատակներից մեկը Վրաստանում տիրող իրավիճակը իրենց աչքերով տեսնելն էր, որի արդյունքում էլ արձանագրեցին, թե դեռ ինչ բարեփոխումների անհրաժեշտություն կա Վրաստանում։

«Եվրախորհրդարանի պատգամավորները կրկին գնահատեցին տեղում ստեղծված իրավիճակը և ընդգծեցին բարեփոխումների անհրաժեշտությունը՝ և ՛ իշխանության, և ՛ ընդդիմության միջև երկխոսության անհրաժեշտությունը։ Թեկնածուի կարգավիճակ ստանալու համար Եվրամիության պահանջած 12 կետերի իրագործման վերաբերյալ քննարկման արդյունքում ընդգծվել է երկխոսության և համաձայնության անհրաժեշտությունը, թեև այս հատվածն ինձ թվում է ամենաանիրատեսականը», — ասում է Մելաշվիլին։

Վերջինս նաև հավելում է, որ քանի որ բազմիցս անգամներ շեշտվել է քաղաքական բևեռացման խնդիրը Վրաստանում, այս այցով այն հաստատվեց նաև ԵՄ-ի կողմից․ «Հուսով եմ՝ այցը խթան կհանդիսանա մեր կառավարության և քաղաքական գործիչների համար վերջ տալու բոլոր տեսակի տարաձայնություններին»։

Հատկանշական է, որ երկօրյա, հանդիպումներով լի այցը համընկավ Վրաստանում ԵՄ դեսպան Կարլ Հարցելի դիվանագիտական գործունեության ավարտի հետ։

«ԵԽ պատվիրակության այցը համընկավ ոչ միայն ԵՄ դեսպանի Վրաստանը լքելու, այլև «Վրացական երազանք» կուսակցության հայտարարությունների հետ, որ դեսպանը «միայն բացասական դեր է ունեցել» Վրաստան-ԵՄ հարաբերություններում, և «նա կարող էր ավելի լավ աշխատել, որ Վրաստանը ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանար»։

Դա ըստ իս կարող է իր հետքը ունենալ (հավանաբար բացասական) Եվրախորհրդի Վրաստանի նկատմամբ կարծիքի ձևավորման հարցում», — «Ալիք մեդիայի» հետ զրույցում պարզաբանում է քաղաքագետ Գիորգի Մեսխիշվիլին։

Մեսխիշվիլին նաև նշում է, որ հայտարարությունները, որոնք արվում էին վրաստանյան քաղաքական գործիչների կողմից, հնարավոր է, որ անդրադառնան ԵՄ թեկնածուի կարգավիճակի տրամադրմանը։

«Վրաստանի ներկայիս գլխավոր նպատակը, որը անմիջականորեն կապված է Եվրոպական ընտանիքի անդամ դառնալու հետ, կարող է հայտնվել վտանգի տակ, քանի որ երկրում չկա կայուն քաղաքական իրավիճակ։ Կարծում եմ՝ այցի ընթացքում ԵԽ պատգամավորները ըմբռնել են Վրաստանի ժողովրդի մեծամասնության կարծիքը, որը կայանում է խաղաղ ու զարգացած եվրոպական պետություն ունենալու մեջ», — հույս է հայտնում քաղաքագետը։

Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Արչիլ Թալակվաձեն էլ անդրադառնալով Եվրախորհրդի պատգամավորների կարծիքին, ասել էր՝ նրանք ակնկալում են էլ ավելի ներգրավվածություն և միասնականություն։

«Նրանց դիրքորոշումը միանշանակ է, որ ընդդիմադիր կուսակցությունները պետք է ներգրավվեն խորհրդարանում ստեղծված և առաջարկությունների իրականացմանն ուղղված ձևաչափերում։ Ակնհայտ է, որ փաստաթղթում ապաբևեռացման առաջարկը ներառելը նշանակում է, որ Եվրամիությունն ակնկալում է ավելի հանգիստ, ավելի գործնական քաղաքականություն Վրաստանում», — նշել է խորհրդարանի փոխխոսնակ Արչիլ Թալակվաձեն։

ԵԽ պատգամավորները Վրաստանի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ բազմիցս նշել են, որ Վրաստան այցը մի շարք նպատակներ է հետապնդում։

«Մենք այստեղ ենք ոչ միայն 12 հանձնարարականների կատարումը գնահատելու, այլև Վրաստանում առկա իրավիճակն ու ընթացիկ քաղաքական իրադարձությունները», — ասել է Սվեն Միկսերը խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ եվրոպացի պատգամավորների հանդիպումից հետո։

Հատկանշական է, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել էր, որ Եվրախորհրդարանի պատգամավորները Վրաստան են ժամանել պատմական պահի, և «այս այցը կարող է որոշիչ լինել մեր եվրոպական ապագայի համար»։

Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանի պատգամավորներն այցելեցին նաև Վրաստանի օկուպացված տարածքներին սահմանակից Օձիսի գյուղ։