ԵԽԽՎ-ն չի համակերպվում Վրաստանի տարածքների օկուպացիայի հետ

«Մենք չենք համակերպվի Վրաստանի տարածքների օկուպացիայի հետ, Աբխազիան ու Հարավային Օսիան Վրաստանի անբաժանելի մասն են»,- այս մասին Վրաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանում գտնվող ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկիեն:

Նա Վրաստանի տարածքների օկուպացիայի հարցին անդրադարձել է ելնելով Եվրոպայի խորհրդի դիրքորոշումից՝ մեկնաբանելով նաև այն ծանր իրավիճակը, որն առկա է բռնազավթված շրջաններում:

«Վրաստանի հանդեպ մեր դիրքորոշումը պարզ է, մենք չենք համակերպվի օկուպացիայի հետ, և այս փաստը մեզ շատ է մտահոգում: Մենք ճանաչում ենք Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Մեր հնարավորությունները այս հարցի շուրջ սահմանափակ են, սակայն այսօր կարևոր է, որ հարաբերություններ հաստատվեն բնակիչների միջև: Պետք է վերականգնվի և հաստատվի վստահությունը»,- հայտարարել է Պասկիեն՝ հավելելով, որ իրավիճակը օկուպացված շրջաններում շատ ծանր է, սակայն վստահության վերականգնմամբ հնարավոր կլինի իրավիճակի բարելավում:

Նա կարևորել է նաև Վրաստանի իշխանությունների քայլերը, որոնք ուղղված են տեղում իրավիճակի բարելավմանը: