Զալկալիանին հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահին

Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Զալկալիանիի ֆեյսբուքյան էջից։

Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը և տարածաշրջանում ստեղծված անվտանգային ծանր իրավիճակը։ Այս համատեքստում նշվել է միջազգային գործընկերների աջակցության և ամուր դիրքորոշման կարևորությունը։ Նախարարները վերահաստատել են իրենց անսասան աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։

«Վրաստանը կտրականապես դատապարտում է Ռուսաստանի շարունակական, չհրահրված և չարդարացված ագրեսիան Ուկրաինայի դեմ, որը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերը՝ ներառյալ միջազգային մարդասիրական իրավունքը, և խաթարում է միջազգային կարգը և եվրոպական անվտանգությունը», — ասել է Զալկալիանին։

ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն տարածաշրջանային այցը սկսել է Թբիլիսիից, կլինի Բաքվում, այնուհետև Երևանում։