Զբոսաշրջության համաշխարհային օրը կնշվի Վրաստանում

ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիի խոսքով, 2024 թվականին Զբոսաշրջության համաշխարհային օրը կնշվի Վրաստանում:

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած հանձնաժողովի նիստից հետո Պոլոլիկաշվիլին նշել է՝ այս որոշմանն աջակցել են անդամ բոլոր 38 երկրները։

2024 թվականին զբոսաշրջության օրվա գլխավոր թեման կլինի «Խաղաղություն և զբոսաշրջություն»։

«Զբոսաշրջության համաշխարհային օրը նշվում է ավելի քան 30 տարի և այն անցկացվում է ամեն տարի տարբեր մայրցամաքներում: Հաջորդը Եվրոպան էր, և Եվրահանձնաժողովը որոշում կայացրեց տուրիզմի համաշխարհային օրը նշել Վրաստանում:

Միջոցառմանը, որին մասնակցում են բավականին մեծ պատվիրակություններ աշխարհի տարբեր երկրներից, ուզում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանի կառավարությանը այս մեծ պատասխանատվությունը ստանձնելու համար»,- ասել է Պոլոլիկաշվիլին։

Ի դեպ, Բուլղարիայում կայացած ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության Եվրոպական հանձնաժողովի 68-րդ նիստին վրացական կողմից մասնակցել են էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Մարիամ Կվրիվիշվիլին, Զբոսաշրջության ազգային վարչության ղեկավար Մաիա Օմիաձեն և վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալ Թամար Կղորիաուլին։