Զգացածս արտահայտում եմ վրձնի ու գրչի օգնությամբ. 17-ամյա աղջնակը Դամիայից

Երբ խոսքերը չեն բավականացնում՝ սկսում է նկարել, իսկ երբ նկարելով անհնար է դառնում արտահայտել մտքերը՝ սկսում է գրել. այդպիսով` զուգակցում է նկարելն ու գրելը, կյանքին նոր համ ու գույն է տալիս: «Ալիք Մեդիա»-ի հերոսուհին Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի մունիցիպալիտետի հայաբնակ Դամիա գյուղում բնակվող Թամարա Սարգսյանն է:

17-ամյա Թամարան տան մեջ իր գողտրիկ անկյունն ունի, որտեղ խնամքով պահում է իր նկարները. դրանցից մի քանիսը զարդարում են սենյակի մի անկյունը, իսկ երբ հարցնում են՝ միայն այսքա՞նն ես նկարել, սենյակի տարբեր անկյուններում դասավորված նկարները հանում՝ ժպիտով ու ոգևորությամբ պատմում է նրանց ստեղծման շարժառիթի, զգացողությունների մասին: Թամարայի բանաստեղծություններն ընդգրկում են կյանքի բոլոր բնագավառները` մորը գովերգող տողերից մինչև հայրենասիրություն, դպրոցական կյանքից մինչև սերն առ ուսուցիչ և այլն:

Թամարան ցանկանում է ուսումը շարունակել Վրաստանում, դառնալ «վրաց լեզու և գրականություն» առարկայի մասնագետ, վերադառնալ հայրենի գյուղ և իր գիտելիքից բաժին հանել կրտսերներին: Մասնագիտության ընտրության առումով ոգեշնչման աղբյուրն իր ներկայիս վրաց լեզվի ուսուցչուհին է:

«Եթե մի քանի տարի առաջ հարցնեին, թե որտեղ եմ ուզում շարունակել ուսումս, միանշանակ կասեի՝ Հայաստանում, բայց հիմա այլ է, հիմա՝ երբ արդեն ազատ խոսում եմ վրացերեն, ու չկա խանգարող հանգամանք, ցանկանում եմ ուսումս շարունակել Վրաստանում»,- ասաց Թամարան՝ հավելելով, որ երբեք չի դադարի գրել ու նկարել, քանի որ երկուսն էլ իր կյանքի մի մասնիկն են դարձել:

Թամարան հիշում է՝ սկսել է գրել դեռ 12 տարեկանից, առաջին բանաստեղծությունը «Որբացած եղնիկ» վերնագիրն էր կրում, որը, սակայն, չի հանրայնացրել, քանի որ որոշ թերություններ է նկատել: Ըստ Թամարայի՝ հետագայում գրելը շարունակելու առումով մեծ ազդեցություն են ունեցել ծնողները, ուսուցիչները և հարազատները, որոնք ուղղություն են տվել, քաջալերել աղջնակին:

«Իսկ նկարչությամբ զբաղվել եմ դեռ մանկուց, ընկերներս էլ կփաստեն, որ ալբոմներիս ու տետրերիս մեջ դիմանկարներ ու բնանկարներ էին, սիրել եմ առարկան, իսկ հետո որոշել եմ խորանալ ու ստեղծել իմը. տեսական գիտելիքներս զուգադրել գործնականին»,- հիշում է Թամարան:

Թամարան կտավի վրա առաջին անգամ նկարել է բնանկար, իսկ հետո անդրադարձել է տարբեր թեմաների՝ կտավից անցում կատարելով կոճղի, չսահմանափակվելով այսքանով՝ նկարել է նաև լամպի և ափսեի վրա.

«Գրել և նկարել ստացվում է, երբ ինչ-որ բան եմ ուզում արտահայտել. նկարներով փորձում եմ արտահայտել բարություն, իսկ գրելով՝ մարդկանց բողոքը, կյանքի տարբեր իրավիճակներ: Նաև հայտնի նկարիչների նկարներ եմ կրկնօրինակել, այսպիսով` փորձել եմ հասկանալ նրանց տեխնիկան և այդ նկարների մեջ այլ լուծումներ գտնել ու փոքր-ինչ իմը դարձնել»:

Թամարան ընդգծում է, որ նկարելով ու գրելով փորձում է ստեղծել իր աշխարհը, որտեղ գերակշռում է գույնը, և ամենևին էլ կարևոր չէ՝ բանաստեղծություն է, երկտող, դիմանկար, բնանկար, թե՝ այլ բան: Նաև ասում է, որ նկարելն ու գրելն ամեն պահի չէ, որ ստացվում է.

«Կարող է ոգևորվեմ, նեղվեմ, տխրեմ, և հանկարծ վրա է հասնում գրելու կամ նկարելու ցանկությունը, իսկ վերջում ստացվում է այն, ինչ որ միտքս թելադրել է վրձնին կամ գրչին»,- ասաց Թամարան:

Նրա համար ոգեշնչման աղբյուրն այն մարդիկ են, որ միշտ ուժ են տալիս, ոգևորում՝ ծնողները, ուսուցիչները, ընկերները, հարազատներն ու շրջապատող մարդիկ:

Թամարան ցանկանում է նաև իր գրվածքներն ու նկարները ներկայացնել հանրության դատին՝ զուտ նրանց գնահատականին արժանանալու համար: Նկատում է՝ եղել են դեպքեր, երբ համընդհանուր դպրոցական ծրագրերի ժամանակ ցուցադրվել են իր նկարները, բայց կցանկանար, որ առանձին ևս ցուցադրվեին: 17-ամյա աղջնակը հաճախ է իր բանաստեղծություններն ու նկարները ցուցադրում սոցիալական ցանցերում, որտեղ ևս ոգևորող խոսքերի ու բարձր գնահատանքի է արժանանում:

Թամարան դպրոցական և արտադպրոցական տարբեր մրցույթների է մասնակցել, արժանացել է պատվոգրերի: 2022 թվականին ընկերուհու՝ Աստղիկ Խաչատուրյանի հետ, մասնակցել են «Վաժայի ստեղծագործությունն իմ գեղագրությամբ» կալիգրաֆիայի մրցույթին և դարձել «Հաջողակ կալիգրաֆներ»։

«Բոլորին էլ հայտնի է, որ գյուղում ինչ-որ բանի մասնակցելու հնարավորությունները հազվադեպ են, և, երբ հնարավորություն է լինում՝ անխտիր մեծ սիրով մասնակցում եմ, նոր բան սովորում, նոր շրջապատ ու լիքը հմտություններ եմ ստանում»,- եզրափակում է 17-ամյա աղջնակը: