Զուրաբիշվիլին դասախոսություն է կարդացել Փարիզի իր համալսարանում

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Փարիզի քաղաքական գիտությունների ինստիտուտում հանդես է եկել «Վրաստանը և Եվրոպան․ հնարավորությունները փոփոխվող միջավայրում» թեմայով հանրային դասախոսությամբ:

Համալսարանը, որտեղ սովորել է նաև Սալոմե Զուրաբիշվիլին, սոցիալական ցանցում տարածել է Վրաստանի նախագահի ուսանողական անկետան՝ ուսանողներին կոչ անելով մինչև հանդիպումը ծանոթանալ դրա հետ:

Հիշեցնենք՝ Վրաստանի նախագահը SciencesPo-ում սովորել է 1969-1972թթ, իսկ 2006-2015-ին նույն համալսարանի հրավիրված պրոֆեսոր է եղել:

«Այս լուսանկարը պատկերում է իմ կյանքի կարևորագույն մի ժամանակաշրջանը», -տեղադրելով այն «ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում, գրել է Զուրաբիշվիլին։

Հիշեցնենք՝ այս օրերին Վրաստանի նախագահը պաշտոնական այցով գտնվում է Ֆրանսիայում, որտեղ հանդիպել է վրացական համայնքի ներկայացուցիչների հետ, հանդիպել երկրի բարձրագույն ղեկավարությանը։