Բաթումիի բախումների արդյունքում 40 ձերբակալված կա

Մարտի 11-ի ուշ երեկոյան, Բաթումիի ոստիկանության եւ ցուցարարների միջեւ տեղի ունեցած բախումների արդյունքում շուրջ 40 ձերբակալված կա: Այս մասին հայտարարել է` նախորդ գիշեր իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով Աջարիայի ինքնավարություն մեկնած Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլին: Նախարարի փոխանցմամբ իրավիճակը վերահսկելի է:

Տեղի ունեցածի վերաբերյալ մարտի 12-ի վաղ առավոտյան հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, ով մասնավորապես ասել է. «Ամեն ինչ անելու ենք իրավիճակը խաղաղ կերպով կարգավորելու համար: Որոշ քաղաքական ուժեր պետական ինստիտուտների ներկայացուցիչների դեմ վանդալիզմի եւ բռնության միջոցով փորձում են խաթարել կայունությունը երկրում, սակայն հետագա անցանկալի զարգացումիներից խուսափելու նպատակով հրահանգել ենք իրավապահներին նվազագույն հակազդեցությամբ հանդես գալ»:

Հիշեցնենք, մարտի 11-ի երեկոյան, ենթադրաբար ճանապարհային ոստիկանության կողմից տուգանք նշանակելուց հետո Բաթումիի ոստիկանության շենքի մոտ մազմամարդ բողոքի ցույց էր սկսվել, որն ուղեկցվել էր բախումներով: Ցուցարարները փորձել էին մուտք գործել ոստիկանության վարչության տարածք, քարեր նետել շենքի ուղղությամբ, շրջել ոստիկանական մեքենաներ: Ի պատասխան, իրավապահները արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներով զենք էին կիրառել:

Աջարիայի ինքնավարության առողջապահության նախարարի հայտարարության համաձայն, բախումների արդյունքում 33 մարդ է տեղափոխվել հիվանդանոց, որոնցից 15-ը` ոստիկաններ: Վիրավորներից միայն մեկն է գիշերն անց կացրել հիվանդանոցում, ով ուղեղի ցնցում է ստացել բախումների ընթացքում:

Թողնել պատասխան