Թբիլիսիում տասնյակ ընտանիքներ մնացել են առանց տանիքի

17270418_1375067062562466_109181001_n

Ուժգին հրդեհը ոչնչացրել է 2,5 հազար քմ բնակելի տարածք Թբիլիսիի Չուգուրեթի շրջանում: Եռահարկ բնակելի շենքում հրդեհը բռնկվել է նախօրեի ուշ երեկոյան, վերջին հարկի բնակարաններից մեկում: Կրակն արագ ընդգրկել է շենքի մեծ մասը: Մի քանի ժամ շարունակ հրդեհի հետ պայքարել է հրշեջ փրկարարական 20 հաշվարկ: 3 հրշեջներ թեթև վնասվածքներ են ստացել: Բնակիչները ժամանակին տարհանվել են, ոչ ոք չի տուժել, սակայն հրդեհի հետևանքով տասնյակ ընտանիքներ մնացել են դրսում:

Քաղաքապետարանի տեղեկատվությամբ` այրված շենքում 70 ընտանիք էր ապրում: Ընդամենը մի քանի բնակարաններ են, որ չեն այրվել: Այժմ հաշվարկվում են վնասի չափերը: Հրդեհից հետո տուժած բնակիչները տեղավորվել են տարբեր հյուրանոցներում: Քաղաքապետ Դավիթ Նարմանիան ասել է, որ հնարավորության սահմաններում օգնություն կցուցաբերվի առանց տանիքի մնացած բնակիչներին: Ըստ նախնական վարկածի` հրդեհի պատճառ կարող էր դառնալ էլէկտրահաղորդակցության լարերի անսարքությունը:

Տեղում աշխատում են փորձագետները` դեպքի իրական պատճառները ճշգրտելու նպատակով: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Վրաստանի ՔՕ-ի 188 հոդվածի 2-րդ մասով` անվտանգության կանոնների  խախտման հետևանքով գույքի վնասում կամ ոչնչացում: Հոդվածը նախատեսում է տուգանք, ուղղիչ աշխատանքներ 2 տարի ժամկետով, կամ ազատազրկում միեւնույն ժամկետով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>