Վրաստանի ԱԳ նախարար Ջանելիձեն Հայաստանում է

Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Հայաստան: 

Ջանելիձեն այցի շրջանակներում արդեն հասցրել է հանդիպել իր  հայ գործընկերոջը, հանդիպումից հետո երկու երկրների նախարարները համատեղ ասուլիս են տվել: Ջանելիձեն շնորհավորել է Հանրապետական կուսակցությանը՝ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում խոսվել է երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի մասին, քննարկվել են առևտրաշրջանառությանը, էներգետիկ ոլորտին, տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր, անդրադարձ է եղել նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Զրույցի ընթացքում խոսվել է հիմնահարցի կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու Հայաստանի համատեղ ջանքերի մասին․ «Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները շոշափելի զարգացում են ապրել և առաջ են ընթանում փոխշահավետ համագործակցության ոգով: Երկու կողմերն էլ պարբերաբար նշում են, որ Հայաստանի և Վրաստանի միջև չկան խնդիրներ, կան հարցեր, որոնք համատեղ ջանքերով լուծվում են: Մեր այսօրվա հանդիպումը ևս դրա ապացույցն էր»,- ասել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր:

Նախարար Ջանելիձեն ծաղկեպսակ է դրել հուշահամալիրում, նաև ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ` հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Վրաստանի արտգործնախարարության տեղեկատվության համաձայն՝ Ջանելիձեն հանդիպելու է նաև ՀՀ-ի վարչապետ Կարեն Կարապետյանին և նախագահ Սերժ Սարգսյանին:

Թողնել պատասխան