Թբիլիսիում 10 բազմահարկ կայանատեղիներ են կառուցվում

Թբիլիսիի քաղաքապետարանը խոստանում է տասը նոր բազմահարկ ավտոկայանատեղի կառուցել: Դրանց կառուցման համար արդեն նաև տեղեր են ընտրվել՝ Կենտրոնական երկաթուղային ավտոկայարան, մետրոյի «Մարջանիշվիլի», «Իսանի», «Վարկեթիլի»  կայարանների հարևանությամբ,  Թբիլիսիի ֆիլհարմոնիայի շենքի մոտակայքում, Պուշկինի հրապարակի տարածքում, քաղաքապետարանի հարևանությամբ, Գուլուա հրապարակում, Գեգեշիձե այգու մոտակայքում:

Օրական մայրաքաղաքում ավելի քան 550 հազար ավտոմեքենա է տեղաշարժվում: Թբիլիսիում է հաշվառված երկրի ավտոմեքենաների ընդհանուր թվի 36,7% -ը: Ըստ Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալների՝ երկրի ավտոպարկը կազմում է 1,2 մլն ավտոմեքենա: Ընդ որում բնակչության ընդհանուր թիվը 3,7 մլն է: Ստացվում է, որ մեքենա ունի Վրաստանի յուրաքանչյուր երրորդ բնակիչ:

Ճանապարհների բեռնաթափման համար մայիսի վերջին ևս մեկ նախաձեռնության մասին հայտարարվեց: Սկսվում է Քվեմո-Քարթլիից Մցխեթա-Մթիանեթի Թբիլիսին շրջանցող ավտոմայրուղու շինարարությունը: Շուտով  ուժի մեջ կմտնի նաև ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների խստացված կարգ: Հուլիսի 1-ից յուրաքանչյուր վարորդ կստանա 100 բալ, որոնք կկրճատվեն՝ յուրաքանչյուր խախտման դեպքում: Բալերը սպառվելու դեպքում վարորդը կզրկվի վարորդական իրավունքից:

Այս տարվա հունվարին կառավարությունը ձեռնամուխ եղավ ավտոպարկի երիտասարդացման գործին, թանկացրեց 14 տարեկանից բարձր մեքենաների ներմուծման  ակցիզային դրույքը:

Թողնել պատասխան