Խորհրդարանը կքննարկի, իսկ ուսանողները ցույց կանեն. քննարկումներ աշխատանքային անվտանգության օրինագծի վերաբերյալ

Վրաստանի խորհրդարանը վաղվանից կքննարկի աշխատանքային անվտանգության օրինագիծը: Քննարկումները տեղի կունենան առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում: Հանդիպմանը պատգամավորների հետ մեկտեղ ներկա կլինեն նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Խորհրդարանական ընդդիմությունը հայտարարում է, թե իշխանությունները չեն պատժում այն կազմակերպություններին, որոնք խախտում են աշխատանքային անվտանգության կանոնները: «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ, պատգամավոր Զուրաբ Ճիաբերաշվիլիի խոսքով, հենց պատիժը կլինի կանխարգելման լավագույն միջոցը, չնայած իշխանությունը կամք չունի:
«Խնդիրն այն է, որ «Վրացական երազանք»-ը չի ցանկանում թեկուզ առկա նորմերով պատժել խախտողներին: Եթե բոլոր կազմակերպությունները պատժվեն, դա կլինի կանխարգելման լավագույն միջոցը»,- հայտարարել է Ճիաբերաշվիլին:
«Միացյալ ազգային շարժումից» էլ հայտարարում են, որ նույնիսկ առկա օրենքով հնարավոր է լուծել խնդիրը, սակայն չի արվում: Կուսակցության անդամ Գիորգի Բոտկովելիի կարծիքով չի արվում, քանի որ պաշտոնատար որոշ անձինք որոշակի շահեր ունեն:
«Առկա օրենքը մեզ կարգավորման հնարավորություն է տալիս, սակայն կոնկրետ պաշտոնյաներ կոնկրետ շինարարություններում շահեր ունեն»,- հայտարարել է Բոտկովելին:
Կառավարության կողմից ներկայացված նախաձեռնությունն ընդունելի է խորհրդարանական մեծամասնության համար: «Վրացական երազանք»-ում կարծում են, որ օրինագծում հաշվի են առնվել առկա բոլոր խնդիրները:
«Շատ կարևոր փուլ է սկսում աշխատանքային անվտանգության տեսանկյունից: Մենք ամբողջությամբ նոր օրինագիծ ենք ստեղծում»,- հայտարարել է Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Դիմիտրի Ցքիտաշվիլին:
Նշենք, որ այսօր երեկոյան «Լսարան 115» ուսանողական շարժումը երթ է անցկացնելու` աշխատանքային տեսչություն հիմնելու պահանջով: Շարժման անդամների խոսքերով՝ 2011 թվականից մինչ օրս 1209 բանվոր է ընկել բարձրահարկ շինություններից` շինարարության ժամանակ:

Թողնել պատասխան