Խորհրդարանը կքննարկի նախագահի վետոն

Ընտրական օրենսգրքի և Տեղական ինքակառավարման օրենքի փոփոխությունների վրա Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի վետոն կներկայացվի խորհրդարանի արտահերթ նիստին: Պատգամավորները կքննարկեն նաև արտահերթ նստաշրջանի անցկացման հարցերը, որն ամենայն հավանականությամբ կմեկնարկի հուլիսի 26-ին: Այժմ խորհրդարանն արձակուրդում է, աշնանային նստաշրջանը կբացվի սեպտեմբերին:

Հիշեցնենք՝ ըստ տեղական ինքակառավարման օրենքի հունիսին արված փոփոխությունների՝ Վրաստանի 12 ինքնակառավարվող քաղաքներից 7-ը (Թելավի, Մցխեթա, Գորի, Ախալցիխե, Ամբրոլաուրի, Օզուրգեթի, Զուգդիդի) զրկվում են ինքնուրույնության կարգավիճակից: Այս քաղաքները ինքնուրույն կարգավիճակ ստացել էին 2014-ին՝ ՏԻՄ ընտրություններից առաջ:

Արդեն օգոստոսի մեկից կպարզեցվի շրջանային վարչության՝ գամգեբելիի  պաշտոնը, ով համարվում է տեղական իշխանության բարձր պաշտոնյան: Փոխարենը կլինեն քաղաքապետեր, ովքեր, ինչպես ինքնակառավարվող քաղաքների ղեկավարները, կընտրվեն ուղիղ քվեարկությամբ՝ 4 տարի ժամկետով: Նախագահը վետո է դրել  նաև Ընտրական օրենսգրքի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ձևավորելու փոփոխությունների վրա: Դրանք ենթադրում են  ընտրական հանձնաժողովների կազմը ձևավորելու նոր կանոններ: Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունում կարծում են, որ որքան շատ տեղ ունի քաղաքական տվյալ ուժը գործող Խորհրդարանում, այնքան շատ ներկայացուցիչներ կարող է ունենալ ընտրական մարմիններում:

Խորհրդարանական ընդդիմությունը սուր քննադատության է արժանացրել այս նորամուծությունը՝ հայտարարելով, որ այդ կերպ ընտրական օրենսդրությունը սկսում է ենթարկվել իշխող կուսակցության շահերին: Երկու դեպքում էլ  վետոյի իրավունքից օգտվել նախագահին կոչ են արել ընդդիմադիր կուսակցությունները և հասարակական կազմակերպությունները, որոնք մինչ այդ հանդիպել էին Մարգվելաշվիլիին և ներկայացրել իրենց դիրքորոշումը: Ըստ օրենքի՝ նախագահը փաստաթուղթը վերադարձնում է խորհրդարան, որը դիտարկում է նկատառումներն ու քվեարկում:

Հարկ է նշել, որ իշխող կուսակցությունը բավարար ձայներ չունի նախագահի վետոն հաղթահարելու համար: Հիշեցնենք՝ ՏԻՄ ընտրություններն անցկացվելու են ընթացիկ տարվա աշնանը:

Նյութի աղբյուր՝ newsgeorgia.ge

Լուսանկարը՝ Վրաստանի խորհրդարանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան