Կադրային փոփոխություններ Վրաստանի կառավարությունում

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ընդունել է ՊՆ արդեն նախկին նախարար Թինաթին Խիդաշելիի եւ պետնախարար Պաատա Զաքարեիշվիլիի հրաժարականի դիմումները:

Այս մասին «Ինտերպրեսնյուս» լրատվականին հայտնել են կառավարության աշխատակազմից: Միեւնույն տեղեկատվության համաձայն, այս պաշտոններում նոր նախարարների թեկնածության մասին պարզ կլինի մոտ ապագայում:

Այս որոշմանն արձագանքել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուփաշվիլին, նշելով, որ վարչապետի ցանկության համաձայն, մինչեւ հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունները, կառավարության կազմում չպետք է լինեն այլ կուսակցությունների ներկայացուցիչներ: «Ես համոզված եմ, որ վարչապետը կընտրի այնպիսի թեկնածուներ, ովքեր մեծ նվիրումով կիրականացնեն իրենց պարտականությունները»,- հայտարարել է Ուսուփաշվիլին:

Զուգահեռաբար տարածվել է մեկ այլ տեղեկատվություն, առ այն, որ պաշտպանության նախարարի պաշտոնի հավակնորդներից է Վրաստանի Արտաքին գործերի փոխնախարար Դավիթ Դոնդուան, ով, սակայն, այս տեղեկատվությունը հերքել է` նշելով, որ այդ տեղեկատվությունն իրականության հետ որեւէ կապ չունի: Պաշտպանության նախարարի պաշտոնում նշնակվելու մասին լուրերը ժխտել է նաեւ Արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Դավիթ Զալկանիանին:

Չհաստատված տեղեկատվության համաձայն, Պաշտպանության նախարարի թեկնածու է համարվում նաեւ՝ Եվրոպական եւ Եվրաատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար Դավիթ Բաքրաձեն:

Թողնել պատասխան