ՌԴ-ն հավելյալ թոշակ կտրամադրի Հարավային Օսիայում ապրող իր քաղաքացիներին

Ռուսաստանը Հարավային Օսիայում ապրող իր թոշակառու քաղաքացիներին  հավելյալ թոշակ կտա, եթե նրանց թոշակի չափը չհամապատասխանի Հյուսիսային Կովկասի դաշնային օկրուգում հաստատված միջին թոշակի չափին: Այս մասին նոյեմբերի 25-ին համապատասխան համաձայնագիր են կնքել Հարավային Օսիայի փոխվարչապետ Էրիկ Փուխաևը և ՌԴ աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի նախարար Մաքսիմ Տոպիլինը, փոխանցում է «Կովկասյան հանգույց» լրատվակայքը:

Նշվում է, որ այժմ Հարավային Օսիայում ապրում է Ռուսաստանի 600 քաղաքացի, ովքեր ռուսաստանյան անձնագիր ունեն, սակայն ՌԴ տարածքում գրանցման վայր չունեն:

Հիշեցնենք, որ դեռևս 2015 թվականի մարտի 18-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Թիբիլովը ստորագրել էին Ռուսաստանի և Հարավային Օսիայի միջև համագործակցության և ինտեգրացիայի մասին պայմանագիր, որն ուժի մեջ մտավ 2015թ. հուլիսի 30-ին: Փաստաթղթով նախատեսվում է բաց սահմաններ, թոշակների և աշխատավարձի բարձրացում, ինչպես նաև Հարավային Օսիայի անվտանգության ապահովում առանց ՌԴ կազմի մեջ մտնելու: Այն ժամանակ Վրաստանում սա աղմուկ բարձրացրեց, վրաստանյան կողմը ևս մեկ անգամ հայտարարեց, որ սա միջազգային իրավունքի խախտում է:

Հավելենք նաև, որ նոյեմբերի 25-ին Հարավային Օսիայի կառավարությունը հաստատել է 2017 թվականի բյուջեի նախագիծը, որով պետության բյուջեի 89.6% շահույթը կազմվում է ՌԴ-ից ֆինանսական օգնության միջոցով:

Թողնել պատասխան