« ՊՆ հաղորդալարերի գործով» բանտարկվածներին ներում է շնորհվել

 Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին  հունվարի 27-ին  ներում է շնորհել այսպես կոչված « ՊՆ հաղորդալարերի գործով»  դատապարտված` Վրաստանի պաշտպանության նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին: Նախագահի աշխատակազմից  վստահեցրել են,  որ նրանք առաջիկա մի քանի ժամվա ընթացքում կլքեն քրեակատարողական հիմնարկները:
«Վրաստանի նախագահը այսքան ժամանակ հետևել և համապատասխան տեղեկատվություն է ստացել  Վրաստանի ՊՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների դատական գործի վերաբերյալ: Գործի ընթացքում, դատախազությունը չկարողացավ պատշաճ կերպով ապացուցել մեղադրանքը, որը  մի շարք փուլերում սուր արձագանքների է արժանացել, ինչպես վրացական, այնպես էլ միզջագային հանրության կողմից:   
Ելնելով այս ամենից՝ Վրաստանի նախագահը որոշում է կայացրել ներում շնորհել վերոնշյալ անձանց»,- հայտարարել Է Վրաստանի նախագահի քաղաքական հարցերով քարտուղար Փիքրիա Չիխրաձեն:
Այսպես կոչված ‹ՊՆ հաղորդալարերի գործը» Վրաստանում վերջին ժամանակաշրջանի ամենաքննարկվող թեմաներից էր:
Այսպես` 2014 թվականի հոկտեմբերի 20-ին,  Վրաստանի գլխավոր դատախազությունը ՊՆ նախկին բարձրաստիճան 5 պաշտոնյաների էր ձերբակալել՝ պետության սեփականություն  հանդիսացող 4 102 000 լարի յուրացման մեղադրանքով: 2016 թվականի մայիսի 16-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը նրանց  դատապարտել էր 7 տարվա ազատազրկման և զրկել 2 տարի հանրային ծառայությունում պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից:
Ձերբակալվածների թվում էին  Վրաստանի պաշտպանության նախարարութւան պետական գնումների վարչության նախկին ղեկավար Գիզո Ղլոնտին, Վրաստանի զինված ուժերի միացյալ շտաբի J-6 տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության նախկին ղեկավար Նուգզար Կաիշուրին, Պաշտպանության նախարարության պետական գնումների վարչության պետ Գիորգի Լոբժվաձեն,  Պատպանության նախարարության պետական գնումների վարչության գլխավոր մասնագետ Արչիլ Ալավիձեն և Զինված ուժերի միացյալ շտաբի տեղեկատվական տեխնոլոգիաների  վարչության համակարգային բաժնի պետ Դավիթ Ծիփուրիան:
Ձերբակալված ՊՆ նախկին  պաշտոնյաների դատական  գործի վերաբերյալ Թբիլիսիի վերաքննիչ դատարանը որոշում էր  հրապարակել սույն թվականի հունվարի 26-ին, որում ասվում է, որ ձերբակալվածները 2 ամսից ազատ կարձակվեն:
Վերաքննիչ դատարանը ձերբակալվածների մեղադրանքը փոխել  և որակավորել էր պաշտոնական լիազորությունների չարաշահում, պատիժ սահմանել 1 տարի 6 ամիս ժամկետով,  որից նրանք արդեն 1 տարի 4 ամիսն անց են կացրել բանտում:

Թողնել պատասխան