Ռեփերներին ձերբակալած ոստիկանները մեղադրվում են պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ (տեսանյութ)

Թբիլիսիի դատախազությունը սկսել է  երկու ռեփերների ձերբակալման ընթացքում ոստիկանների կողմից պաշտոնական  լիազորությունների հնարավոր չարաշահման գործի քննությունը: Խոսքը «Birja Mafia»  ռեփ խմբի անդամներ Միխայիլ Մղաբլոշվիլիի և Գեորգի Կեբուրիայի մասին է: Ինչպես ասված է դատախազության հրապարակման մեջ, նոր քննություն սկսելու համար հիմք է հանդիսացել մեղադրյալների ցուցմունքներն այն մասին, որ ձերբակալման պահին ոստիկանները մի շարք խախտումներ են թույլ տվել: Պարզ է դարձել նաև, որ փոխվել է մեղադրյալների խափանման միջոցը: Ազատազրկման փոխարեն հնարավոր է երգիչները պայմանական պատիժ կրեն: Դատախազությունը նշում է, թե այս որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով այն փաստը, որ ձերբակալվածները պատրաստակամություն են հայտնել  աջակցել քննությանը, նաև նախկինում դատված չեն եղել:

Հիշեցնենք՝ հունիսի 9-ին հայտնի էր դարձել, որ Թբիլիսիի քաղաքային դատարանը նախնական կալանքի է ուղարկել  «Birja Mafia»-ի  երկու ադամներին: Ըստ քննության նյութերի՝ անձնական խուզարկության ընթացքում նրանց մոտ հայտնաբերվել է  MDMA տեսակի թմրամիջոց: Քննություն է սկսվել մեծ քանակությամբ թմրանյութերի ապօրինի ձեռք բերման, պահպանման և իրացման հատկանիշներով: Երիտասարդները վստահեցնում են, որ թմրանյութը ոստիկաններն են գցել: Ըստ նրանց՝ սա վրեժ է իրենց կողմից նկարահանած տեսահոլովակի համար, որում ոստիկանները շղթայված են: Ռեփերները հայտնել են, որ ձերբակալությունից մեկ օր առաջ իրենցից պահանջել են Youtube-ից հեռացնել հոլովակը:

Քննությունը սկսվել է Վրաստանի ՔՕ-ի 260-րդ հոդվածի 6-րդ մասով: Սա նշանակում է, որ երիտասարդներին սպառնում է երկարամյա ազատազրկում:

Երիտասարդների ձերբակալությունը հանրային մեծ ալիք է առաջացրել: Թբիլիսիում նախօրեին վերջին ժամանակների թերևս ամենամեծ բողոքի ակցիան է անցկացվել: Չնայած հորդառատ անձրևին՝ մի քանի հազար մարդ կենտրոնական Ռուսթավելիի պողոտայից երթ են կազմակերպել դեպի Վրաստանի խորհրդարանի նախկին շենքի տարածք՝ պահանջելով ազատ արձակել ռեփերներին: Ակցիան շարունակվել  է մինչև ուշ գիշեր:

Թողնել պատասխան