Սպասում ենք Վրաստանի ադեկվատ արձագանքին. Կարասին

Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը «Իզվեստիա» լրատվականի հետ խոսել է Վրաստանի հետ հարաբերությունների վերականգնման ու երկրների միջև մարդասիրական կապերի ամրապնդման մասին:

Ըստ Կարասինի՝ կապերի ամրապնդման միտում է նկատվել դեռևս մի քանի տարի առաջ, «երբ Սաակաշվիլին պարտվեց խորհրդարանական ընտրություններում և իշխանության եկավ նոր խումբը»:

Կարասինը  հավելել է, որ Թբիլիսիի և Մոսկվայի ընդհանուր ջանքերով հնարավոր է եղել առաջընթաց գրանցել առևտրի և տրանսպորտի ոլորտում:

«Միայն 2017 թվականին երկկողմ առևտրաշրջանառությունն աճել է 30 տոկոսով: Ռուսաստանը Վրաստանի համար երկրորդ ամենամեծ շուկան է, իսկ գինու արտահանման տեսանկյունից՝ Ռուսաստանը Վրաստանի համար առաջին տեղում է»:

Կարասինը նշել է, որ ծրագրվում է Վերին Լարսի անցակետի վերակառուցում, ինչը էլ ավելի կհեշտացնի սահմանի հատման գործընթացը:

Կարասինը հույս է հայտնել, որ հաջորդ տարի երկկողմ հարաբերություններում էլ ավելի մեծ ձեռքբերումներ կգրանցեն և հավելել է. «Մենք պատրաստ ենք հարաբերությունների բազմակողմանի զարգացմանը և սպասում ենք Վրաստանի ադեկվատ արձագանքին»։

Թողնել պատասխան