Հիմնական խախտումները հայաբնակ գյուղերում են. Էդուարդ Այվազյան

Ախալցխայում գործող «Akhaltskha.net» կայքի գլխավոր խմբագիր Էդուարդ Այվազյանի խոսքերով, չնայած նրան, որ Ադիգենիում հատուկ ջոկատայիններ են մոբիլիզացված, Ախալցիխեի շրջանում ընտրություններն ընդհանուր առմամբ խաղաղ են ընթանում:

«Ընտրախախտումներ կան, սակայն դրանք չեն կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա: Ընդդիմությունը խոսում է այդ խախտումների մասին: Չգիտես ինչու, հիմնական խախտումները հայկական գյուղերում է գրանցվում: Օրինակ՝ «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը Նաուխրեբի (Մոխրեբ) գյուղում դեպք է գրանցել, երբ տեղի Սակրեբուլոյի անդամները քարոզարշավ էին իրականացնում, նաև հանձնաժողովի անդամները հուշում էին, թե ում օգտին քվեարկեն և այլն»,- Ալիքի հետ զրույցում ասեց Այվազյանը:

Խոսելով «Միացյալ ազգային շարժում» կուսակցության քաղաքապետի թեկնածուի հայտարարության մասին, ըստ որի, իր վրա հարձակվել են «Վրացական երազանք»-ի անդամները, Այվազյանն ասաց. «Իրենք գրասենյակը վերցրել են հենց «Վրացական երազանք»-ի գրասենյակի դիմաց: Նա (քաղաքապետի թեկնածուն) բազմիցս նշել է, որ հատուկ են այդտեղ վարձել գրասենյակը, որպեսզի տեսնեն, թե ովքեր են ելումուտ անում: Երեկ տեսել է, որ դպրոցների և մանկապարտեզների տնօրենները, ովքեր առանց արձակուրդ վերցնելու հանդիսանում են նաև ընտրատեղամասային հանձնաժողովի ղեկավարներ, գնացել են «Վրացական երազանք»-ի գրասենյակ: Նա փորձել է նկարել, սակայն «Վրացական երազանք»-ի ակտիվիստները նկատել են և իր խոսքերով, վազել հետևից: Հետո նա, կարծեմ ընկել է, կամ հրել են»:

Այվազյանի խոսքով, այս թեմայի շուրջ հակասական տեղեկատվություններ են տարածվում:

Լուսանկարը` Էդուարդ Այվազյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան