Ապրիլի 26-ի վրաստանյան մամուլի տեսություն

Ապրիլի 26 -ին վրաստանյան ԶԼՄ-ները ակտիվորեն անդրադարձան   Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի`  «France 24» հեռուստաալիքին տված հարցազրույցին:   Ֆրանսիա կատարած այցի ընթացքում նախագահը, ֆրանսիական հեղինակավոր հեռուստաընկերության հետ զրույցում խոսելով  նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ հարաբերությունների մասին, ասել է. «Ես երբեք չեմ կառավարվել Իվանիշվիլիի կողմից և նրա հետ որևէ շփում չունեմ»:

Նախագահին հարց է ուղղվել նաև  Վրաստանի նախկին նախագահ, այժմ Օդեսայի նահանագապետ  Միխեիլ Սահակաշվիլիի մասին: Մարգվելաշվիլին սակայն ասել է, որ  չի պատրաստվում քննարկել Ուկրաինայի կառավարության անդամներին վերաբերող հարցերը:   «Պարոն Սահակաշվիլին հիմա մեր բարեկամ ազգի՝ Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաներից  է: Ուկրաինան մեր ռազմավարական գործընկերն է: Կարծում եմ` վրաց ժողովուրդը ինքը պիտի որոշի` հետաքրքվի Սաhակաշվիլիի  ուկրաինական քաղաքականությամբ, թե ոչ:  Եթե հարցնում եք` կքվեարկեմ  նրա ոգտին թե ոչ, կպատասխանեմ,  որ ես իմ ձայնը կտամ ինձ»,- Գիորգի Մարգվելաշվիլիի խոսքերն է մեջբերել  «Kvira.ge» պարբերականը:

Մամուլը  լայնորեն անդրադարձավ նաև Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլի` ԱՄՆ այցին և հատկապես փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ հանդիպմանը:  «Interpressnews»-ի փոխանցմամբ Կվիրիկաշվիլին հանդիպումից հետո հայտարարել է, որ ԱՄՆ փոխնախագահի հետ քննարկել են հայ-ամերիկյան  25-ամյա համագործակցությունը:

Ապրիլի 26 –ի վրացական մամուլը ընթերցողների ուշադրությունը բևեռեց նաև Վրաստանի «Եվրոպական դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Պաատա Դավիթայայի հայտարարության վրա:  Վերջինս համոզմունք է հայտնել, որ «Ռուսթավի 2» հեռուստաալիքի  պաշտպանության համար ոտքի  կկանգնեն ոչ  միայն քաղաքական կուսակցությունները, այլև  ողջ  հասարակությունը.

««Ռուսթավի 2»  հեռուստաալիքի դեմ հարձակումները շարունակվում են: Ակնհայտ է, որ Վրաստանի վարչապետը  ԵԽ-ի ամբիոնից ստեց, թե հեռուստաալիքի շուրջ ոչինչ էլ տեղի  չի ունենում: Սակայն «Ռուսթավի 2»-ի դեմ արդեն երկրորդ ալիքն  է սկսվել:  Սա նշանակում է,  որ առաջիկա  ընտրությունների  օրինականությունը  կասկածի տակ է առնվում», -ասել է Դավիթայան` կոչ անելով  իշխանություններին` դադարեցնել  լրատվամիջոցների վրա ճնշումները:  Միևնույն ժամանակ նա ասել է, թե իրեն չի հետաքրքրում Սահակաշվիլին (ում պատկանում է  «Ռուսթավի 2»-ը)  կվերադառնա Վրաստան,  թե ոչ:

«Երբ «Ռուսթավի 2»-ը վտանգված կլինի «Մայդան»-ը կսկսվի: Այն կսկսվի ոչ թե ընտրություններից, այլ այն ժամանակ,  երբ   հեռուստաալիքը փակման վտանգի առջև կկանգնի»,- «Եվրոպական դեմոկրատներ» կուսակցության ղեկավարի խոսքերն է մեջբերում  «Frontnews» պարբերականը:

Նույն լրատվամիջոցը գրում է նաև, որ  Բրյուսելում Վրաստանի Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին հույս է հայտնել, որ «Ռուսթավի 2»-ը,  որպես ընդիմադիր հեռուստաալիք,  կշարունակի հեռարձակվել:

«Politra tv»-ն էլ անդրադառնում է Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուփաշվիլիի` վիզայի ազատականացման մասին  հայտարարությանը:  Ըստ պարբերականի`  Ուսուփաշվիլին այս հարցում 3 խնդիր է տեսնում: Դրանցից մեկը  «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչների կողմից`  Բրյուսելում հնչեցրած «լենինյան-ստալինյան»  բնույթի հայտարարություններն են:

«Interpressnews»  պարբերականը տեղեկացրեց,  որ Գիորգի Աբրամիշվիլիի անվան ռազմական հիվանդանոց են այցելել ութ երկրների` Վրաստանում գտնվող ռազմական կցորդները: Պարբերականի փոխանցմամբ  Թուրքիայի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի, Ռումինիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի, Էստոնիայի և Հայաստանի ` Վրաստանում աշխատող ռազմական կցորդները հանդիպել են հիվանդանոցի տնօրեն Գիորգի Մաիսուրաձեի հետ:  Հիվանդանոցի աշխատակազմը  նրանց  ներկայացրել է  բժշկական հաստատության պատմությունը: Հյուրերը նաև հարգանքի տուրք են մատուցել ռազմական գործողությունների արդյունքում զոհված բժիշկների  հիշատակին կանգնեցված հուշակոթողի մոտ:

Վրաստանյան մամուլի գրթե  բոլոր ներկայացուցիչները անդրադարձան նաև ապրիլի 25-ին ՀՀ մայրաքաղաք Երևանում երթուղային ավտոբուսում տեղի ունեցած հզոր  պայթյունին:   «Ռուսթավի 2» հեռուստաալիքը տեղեկացրեց, որ «պայթյունի հետևանքով զոհվել է  2 մարդ, կա 10 վիրավոր: ՀՀ Ոստիկանության հաղորդագրության համաձայն` ավտոբուսում պայթուցիկ սարքը  է եղել, որը պայթել է  աջ կողմի  նստարանին:   ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարել է խստացնել անվտանգության միջոցառումները:

Վրացական մամուլը պարբերաբար տեղեկություններ է հաղորդում նաև ազգային տարադրամի փոխարժեքի  մասին, այս անգամ նշելով, որ   լարին դոլարի նկատմամբ մի փոքր ամրապնդել  է  դիրքերը:  Իսկ եվրոյի նկատմամբ արժեզրկվել է (2.5189 լարի):  Վաղը 1 ԱՄՆ դոլարի  արժեքը  կկազմի 2.2319 լարի:

Թողնել պատասխան