Զոհվել է Աբխազիայի վարչապետը (տեսանյութ)

Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է դե ֆակտո կառավարության ղեկավարը:

Հաղորդվում է, որ նախօրեի երեկոյան Վազ 2199 մակնիշի ավտոմեքենայի 22-ամյա վարորդը չի զիջել վարչապետ Գենադի Գագուլիայի ծառայողական մեքենային՝ դուրս գալով հանդիպակաց երթևեկելի գոտի: Բախման հետևանքով Գագուլիան գանգուղեղային վնասվածք է ստացել և մահացել հիվանդանոցի ճանապարհին: Ավելի ուշ Աբխազիայի իրավապահները հայտարարել են, թե վարորդը չի ունեցել վարորդական իրավունք և վթարի պահին գտնվել է թմրանյութի ազդեցության տակ:

Կառավարության ղեկավարը պաշտոնական այցով եղել էր Սիրիայում և ավտոշարասյունը, որում գտնվում էր նա, վերադառնում էր Սոչիի օդանավակայանից։

70-ամյա Գագուլիան Աբխազիայի դե ֆակտո կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնել էր այս տարվա ապրիլի 24-ին:

Գագուլիան ծնվել է 1948թ. հունվարի 4-ին Աբխազիայի Գուդաութիի շրջանի Լիխնի գյուղում: 1995-1997 և 2002-2003թթ.-ին եղել է Աբխազիայի վարչապետը: 2003-2004թթ.-ին եղել է Աբխազիայի նախագահի աշխատակազմի ղեկավարը:

Համացանցում հայտնվել են կադրեր՝ վթարի վայրից