Բողոքի ցույցով ուղեկցվող Վրաստան-Լատվիա ֆուտբոլային խաղն ավարտվեց․ լուսանկարներ

Թբիլիսիի «Դինամո» մարզադաշտում քիչ առաջ ավարտվեց ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի բարձր հովանու ներքո անցկացվող Վրաստան-Լատվիա ֆուտբոլային հանդիպումը։ Սեփական դաշտում Վրաստանը 1:0 հաշվով պարտության մատնեց Լատվիային։

77-րդ րոպեին տուգանային հարվածով խաղի միակ գոլի հեղինակ դարձավ Թոռնիկե Օքրիաշվիլին։

Վրաստանի հավաքականի կազմում խաղում էին՝ Գիորգի Լորիան, Օթար Կակաբաձեն, Գուրամ Կաշիան, Սոլոմոն Կվիրկվելիան, Նիկա Կվեկվեսկիրին, Ջաբա Կանկավան, Վալերի Կղազիաշվիլին, Թորնիկե Օքրիաշվիլին, Գիորգի Չակվետաձեն, Նիկա Կաճարավան և Գիորգի Նավալովսկին:

Հատկանշական է, որ խաղասկզբում, երբ հայտարարվեց Գուրամ Կաշիայի անունը, երկրպագուները բուռն ծափահարություններով արձագանքեցին, մինչդեռ մարզադաշտի հարակից տարածքում «Վրացիների քայլերթ» ազգայնական շարժման անդամները բողոքի ակցիա էին կազմակերպել Կաշիայի դեմ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՈւԵՖԱ-ն Վրաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Գուրամ Կաշիային պարգևատրել է «Հավասարության մրցանակով»՝ ԼԳԲՏ համայնքին աջակցելու համար: Հենց սա էլ վրդովեցրել է ազգայնական շարժման անդամներին։ Ակցիայի մասնակիցների կարծիքով Կաշիան պետք է ներողություն խնդրի հանրությունից։ Ակցիայի մասնակիցներից մի քանիսը բերման են ենթարկվել ոստիկանության կողմից:

Ավելի վաղ, Կաշիայի երկրպագուներն էլ առաջարկել էին համերաշխություն ցուցաբերելու նպատակով  #გურამშენთანვართ (Գուրամ, քեզ հետ ենք) հեշթեգը գրել սպիտակ թղթերի վրա և նման կերպ ներկայանալ խաղին: