Հակաարևմտյան «Ժողովրդի ուժը» վերածվեց կուսակցության

Մոտ երկու տարի առաջ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» վերածվեց քաղաքական կուսակցության։

Այսօր՝ մարտի 18-ին, տեղի է ունեցել «Ժողովրդի ուժը» կուսակցության հիմնադիր համագումարը։ Ղեկավարներն ասել են, որ իրենց կուսակցությունը «առաջադեմ պահպանողականության» հետևորդ է։ Համագումարում կուսակցության նախագահ է ընտրվել Սոզար Սուբարին. նա միաժամանակ խորհրդարանական մեծամասնության անդամ է։

«Այսօր մենք քաղաքական պայքարի նոր փուլ ենք սկսում, և այս փուլում մեր հիմնական խնդիրներից է լինելու «Միացյալ ազգային շարժման» և նրա մեղսակից օտարերկրյա աջակիցներին դատելը մեր հայրենիքի և ժողովրդի դեմ կատարված հանցագործությունների համար»,- ասել է Սուբարին:

Ի դեպ, «Ժողովրդի ուժը» կուսակցությունը ստեղծվել է «Վրացական երազանքից» դուրս եկած, բայց խորհրդարանական մեծամասնությունում մնացած պատգամավորների կողմից. նրանք հայտարարել էին, որ «այս կերպ ավելի լավ կկարողանան կուլիսներից ավելի շատ տեղեկատվություն ստանալ քաղաքական փաստերի ու իրադարձությունների մասին և հանրությանը մատուցել ճշմարտությունը»։

Խորհրդարանական մեծամասնության անդամ «Ժողովրդի ուժը» իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից սկսված հակաարևմտյան քարոզչության հիմնական խոսափողն է: 2023 թվականին հենց «Ժողովրդի ուժը» շարժումը մշակեց և խորհրդարան ներկայացրեց «գործակալների մասին» օրինագիծը, որը, սակայն հանրային բողոքի պատճառով չընդունվեց: