Վրաստանի պատրիարքարանի ներկայացուցիչը կոչ է անում մի քանի ժամով փակել Վերին Լարսի անցակետը

Վրաստանի պատրիարքարանի կառավարման խորհրդի անդամ Գիորգի Անդրիաձեն իշխանություններին կոչ է անում մի քանի ժամով փակել վրաց-ռուսական սահմանի Վերին Լարսի անցակետը՝ այդպիսով բողոքելով Արչիլ Տատունաշվիլիի դին Վրաստանին փոխանցելու գործընթացը երկարաձգելու դեմ:

Անդրիաձեն ասել է․ «Երբ երկիրն այդքան ցինիկ է գործում, հասարակությունը պետք է արձագանքի»:

Նրա խոսքով, պատերազմը նույնպես իր օրենքներն ունի, սակայն երկար ժամանակ Տատունաշվիլիի դին չփոխանցելու փաստը վիրավորանք է տվյալ անհատի ու ողջ պետության նկատմամբ։

«Այսօր, երբ Վրաստանին է վերադարձվել իր քաղաքացին՝ խոշտանգումների արդյունքում սպանված հերոսը, պետք է բողոքի ակցիա անցկացնել։ Դրա համար չեմ առաջարկում սահմանը հատել, բողոքի ակցիաներ սկսել կամ խորհրդարանում հայտարարություն անել, այլ պետք է փակել Կազբեգի անցակետը, եթե ոչ մի քանի օրով, այլ գոնե մի քանի ժամով: Եւ առանձին հարց է, թե ինչու է Սահակաշվիլին ընդհանրապես բացել այն․․․»,-հայտարարել է Գիորգի Անդրիաձեն:

Տեղեկացնենք՝ մարտի 20-ին «Կարմիր խաչ» միջազգային կազմակերպության ներգրավվածությամբ Ցխինվալիի դե ֆակտո իշխանությունը Վրաստանին փոխանցեց Արչիլ Տատունաշվիլիի դին։

Տատունաշվիլին Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայում ձերբակալվել էր փետրվարի 22-ին, հաջորդ օրը անհայտ պայմաններում մահացել է Ցխինվալիի հիվանդանոցում:

Թողնել պատասխան