Խնդիրները լուծվում են ընկերությամբ. «Հանդուրժողականության ակունքներ» ճամբարի մասնակից

«Եվրոպական հանդուրժողականության ակունքներ՝ Կովկաս 2017» ծրագիրը Վրաստանում այս տարի անցկացվեց արդեն 5-րդ անգամ. Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, Հայաստանի, Ադրբեջանի  ներկայացուցիչ երիտասարներն ու երեխաները հնարավորություն ունեն ճամբարի ընթացքում ծանոթանալ այլ երկրների և ազգությունների մշակույթներին: Ծրագրի նպատակն է հանդուրժողականություն սերմանել մասնակիցների մեջ, սովորեցնել լուծել խնդիրն առանց հակամարտության:

«Հանդուրժողականության ակունքներ» հասարակական կազմակերպության հիմնադիրներից,  հայ համայնքի համակարգող Օկսանա Շարոյանը գտնում է, որ ծրագիրն առավել կարեւոր է  Վրաստանի հայերի համար, ասում է՝ ծրագիրը նրանց «ստիպում է» հետաքրքրվել սեփական մշակույթով:

«Վրաստանի հայերին հանձնարարում ենք անձամբ ներկայացնել հայկական մշակույթը, նրանք ամաչում են, որ ծանոթ չեն իրենց մշակույթին: Ոմանք ծրագրի ավարտից հետո սկսել են սովորել հայերեն տառերը, ոմանք հայկական խմբակներ են հաճախում՝ ապագայում իրենց մշակույթը փայլուն ներկայացնելու նպատակով»։

Շարոյանի խոսքով, ծրագիրը վիրահայերին նաեւ հնարավորություն է տալիս ինտեգրվել վրացական հասարակությանը։

«Հայերը սկսում են շփվել նաեւ այլ ազգերի հետ, պարփակված չեն»,- ասում է նա:

20708471_1368673653231347_6983944714174633301_nԱյս տարի ծրագրին Վրաստանից մասնակցել է ընդամենը 2 հայ, Հայաստանից ժամանած հայ պատանիների հետ միասին կազմակերպել են «հայկական օր», ինչը տեղի է ունենում նաեւ այլ ազգերի դեպքում: Օրը մեկնարկել է ՀՀ հիմնով, այնուհետեւ տարբեր ինտերակտիվ դասընթացների եւ խաղերի միջոցով հայկական խումբն այլ մասնակիցներին ծանոթացրել է հայկական ավանդույթներին, մշակույթին:

«Մասնակիցներին սովորեցրինք հայկական ազգագրական պարերը, երգերը, զրուցեցինք նաեւ հայոց ցեղասպանության մասին, քննարկեցինք այն, այնուհետեւ մասնակիցները խոսեցին իրենց տպավորությունների մասին: Այս տարի քննարկել ենք նաեւ հայկական երաժշտական ռոք ժանրն՝ ի դեմս Սերժ Թանկյանի, ծանոթացրել ենք նրա արվեստին»,- նշեց Օկսանա Շարոյանը:

20728113_1368693553229357_1365462066342250280_nՀայկական օրն էլ ավելի հետաքրքիր դարձնելու նպատակով ծրագրի ղեկավարներն այս տարի որոշել են կրոնական-ժողովրդական տոներից առանձնացնել Քրիստոսի պայծառակերպության տոնը՝ Վարդավառը:

Դավիթ Միսակյանը ճամբարին մասնակցում է արդեն 2-րդ անգամ, ասում է՝ նախորդ տարվանից հետո որոշել է հաճախել դուդուկի խմբակ եւ արդեն այս տարի հայկական մշակույթը ներկայացրել է դուդուկի կատարմամբ:

«Ճամբարի ընթացքում հատկապես ընկերացա մի ադրբեջանցու հետ, մենք որոշեցինք, որ մեզնից յուրաքանչյուրը շարունակում է հայրենասեր մնալ, սակայն խնդիրները պատերազմով չեն լուծվում, այլ ՝ ընկերությամբ»,- պատմում է Դավիթը:

Ամենամյա ճամբարի հովանավորներն են՝ «Հանդուրժողականության աշխարհ» կազմակերպությունը, Զուգդիդի շրջանի գամգեոբան, փախստականների վերաբնակեցման նախարարությունը եւ մասնավոր հովանավորներ:

Թողնել պատասխան