Մայիսի 12-ի վրաստանյան մամուլի տեսություն

Վրաստանյան մամուլը մայիսի 12-ին առավելապես խոսեց Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի` 2017 թվականին Վրաստանում իրականացվելիք բարեփոխումների վերաբերյալ հայտարարությանը:

«kvira.ge»-ի փոխանցմամբ`  Կվիրիկաշվիլին հայտարարել է, թե նշված բարեփոխումներն էապես կբարելավեն Վրաստանը` արձանագրելով լուրջ տնտեսական աճ: Վարչապետի գնահատմամբ` Եվրոպայի վերակառուցման և զարգացման բանկի` 3%-ի հասնող տնտեսական աճի կանխատեսումը գերազանցվել է` կազմելով 3.4%. «Հնարավոր է ավելի բարձր աճ արձանագրվի մինչև տարեվերջ, քանի որ շատ կարևոր բարեփոխումներ ենք իրականացրել, ինչպես 4 կետանոց ծրագրի շրջանակներում, այնպես էլ ենթակառուցվածքաների զարգացման և այլ ծրագրերի կառավարման ռազմավարության փոփոխության արդյունքում»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին:

«Interpressnews»-ի փոխանցմամբ` «Քեզ սա նույնպես վերաբերում է» նախաձեռնությունը Վրաստանի դատախազությանը կոչ է արել հասարակությանը տեղեկատվություն տալ` անձնական կյանքին վերաբերող քննչական գործընթացի և դրանց արդյունքների վերաբերյալ: Հասարակական կազմակերպություններից ձեւավորված նախաձեռնության հայտարարության համաձայն` սոցիալական ցանցերում տարածված` քաղաքական գործիչների անձնական կյանքին վերաբերող տեսանյութերի տարածումից շուրջ 2 ամիս է անցել, սակայն հանրությունը տեղյակ չէ, թե ինչ արդյունավետությամբ է իրականանում հետաքննությունը:

«Netgazeti.ge» պարբերականի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Գիորգի Աբաշիշվիլին հայտարարել է, թե նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հասցեին Լևան Բերձենիշվիլիի արած հայտարարությունը նման է «Վրացական երազանք» կուսակցության անդամների հայտարարություններին. «Պարոն Բերձենիշվիլիի մեկնաբանությունը շատ նման է մինչ այս նախագահի հասցեին` «Վրացական երազանք» կուսակցության անդամների, այդ թվում նաև պարոն Մեճիաուրիի կողմից հնչեցված գնահատականներին: Միևնույն ժամանակ, հանրապետականները խոսում էին նախագահին աջակցելու մասին: Նախօրեին Բերձենիշվիլիի արած հայտարարությունը վառ վկայությունն է նրա, որ հանրապետականները միշտ Մարգվելաշվիլիին դեմ են եղել»,- հայտարարել է Աբաշիշվիլին:

«Interpressnews»-ի փոխանցմամբ` մայիսի 13-ին Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը կստորագրի Վրաստանի կառավարության և Սաուդյան Արաբիայի թագավորության կառավարության միջև համագործակցության մասին համաձայնագիր: Սա կողմերի միջեւ նմանատիպ առաջին փաստաթուղթն է լինելու: Վրաստանի արտաքին գերատեսչության գնահատմամբ` փաստաթղթերի ստորագրումը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են` առևտուրը, ներդրումները, շրջակա միջավայրի պաշտպանությունը, էներգետիկան, կրթությունը և այլն.  «Հատկանշական է, որ Վրաստանը մեծ կարևորություն է տալիս Սաուդյան Արաբիայի թագավորության հետ հարաբերությունների զարգացմանը», -«interpressnews»-ին հայտնել են Վրաստանի ԱԳՆ-ից:

«Kvira.ge»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի և Կենտրոնական Աֆրիկայի հանրապետության արդարադատության նախարար Փլաֆիեն Մբատայի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց: Վրաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն` զրույցի հիմնական թեման ՄԱԿ-ի` Մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցի հրապարակումից հետո, Վրաստանի պաշտպանության նախարարության կողմից ստեղծված քննչական խմբի՝ Կենտրոնական Աֆրիկայի հանրապետության արդարադատության նախարարության ներգրավումն է: Քննչական խումբը հետաքննելու է Կենտրոնական Աֆրիկայի հանրապետությունում, օտարերկրյա զինվորականների կողմից անչափահասների նկատմամբ հնարավոր սեռական ոտնձգությունների փաստերը: Կենտրոնական Աֆրիկայի հանրապետության արդարադատության նախարարության հայտարարության համաձայն` համապատասխան թեկնածուն արդեն ընտրված է, և վրացական կողմը նրա մասին տեղեկատվություն կստանա մոտ օրերս:

Իր հերթին Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին հայտարարել է, թե հունիսի սկզբին նախատեսում է հանդիպումներ ունենալ Նյու Յորքում՝ՄԱԿ-ի գլխամասային գրասենկյակում: Խիդաշելին կարեւոր է համարել ՄԱԿ-ին`  խնդրի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելը: Վրաստանի պաշտպանության նախարարության կողմից ստեղծված քննչական խումբը կազմված է 9 մասնագետից: Դրանց թվում են Վրաստանի պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության գլխավոր տեսչության, Առողջապահության վարչության և Վրաստանի գլխավոր դատախազության ներկայացուցիչներ, ինչպես նաև` անկախ փորձագետներ:

Թողնել պատասխան