Սահակաշվիլին տեսաուղերձով դիմել է կողմնակիցներին

 «Կարոտում եմ Բաթումին, Քոբուլեթին, Խելվաչաուրին, Շուախևին, Խուլոն»,-տեսաուղերձով այսպես է ողջունել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին  Բաթումի քաղաքում «Միացյալ  ազգային շարժում» կուսակցության մեծամասնական  պատգամավորության թեկնածուների ներկայացման միջոցառմանը  հավաքված քաղաքացիներին:

Միխեիլ Սահակաշվիլին հիշել է նաև 2004 թվականի մայիսին տեղի ունեցած իրադարձությունները և շնորհակալություն հայտնել բնակչությանը`  Աջարիայի ինքնավար հանրապետության այն ժամանակակվա ղեկավար Ասլան Աբաշիձեի պաշտոնաթողությանը աջակցելու համար:

«Միացյալ ազգային շարժման» առաջնորդը հիշել է նաև իր նախագահության ժամանակ Աջարիայի տարածաշրջանում իրականացրած նախագծերը և կոչ արել  բնակչությանը` կրկին վստահել իրենց, տարածաշրջանում նորանոր նախագծերի իրականացման համար: Սահակաշվիլիի խոսքերով` նա վստահում է Լևան Վարշալոմիձեին, և վերջինս հանդիսանում է Աջարիայում իր հենակետը:

Տեսաուղերձում Միխեիլ Սահակաշվիլին քննադատել է նաև Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին: «Այս չորս տարիների ընթացքում Բիձինա Իվանիշվիլին վատ վերաբերմունք է ցուցաբերել Աջարիայի նկատմամբ, և այդ ամենը արել է հատուկ ինձ զայրացնելու նպատակով»— նշել է նա:

Նշենք, որ «Միացյալ ազգային շարժման» անդամները ներկայացրել են Աջարիայի ինքնավար հանրապետությունում  իրենց մեծամասնական  պատգամավորության և Աջարիայի Գերագույն խորհրդի անդամության թեկնածուներին:

Թողնել պատասխան