Շվեցարիան Վրաստանը տարածաշրջանում որպես կայունության երաշխիք է դիտարկում

«Վրաստանը տարածաշրջանում որպես կայունության պահպանման երաշխիք ենք դիտարկում»,- Դավոսում գտնվող Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպմանը հայտարարել է Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Դորիս Լոյթարդը: 

Վրաստանի կառավարության տարածած տեղեկատվության համաձայն՝ Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում տեղի ունեցած հիշյալ հանդիպմանը  քննարկվել են Վրաստանի և Շվեյցարիայի միջև առկա բարեկամական և համագործակցային հարաբերություններին վերաբերող հիմնական հարցերը:

Կողմերը կարևորել են Վրաստանի և Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի միջև կնքված պայմանգիրը, առևտրատնտեսական, գյուղատնտեսության, զբոսաշրջության և կրթական ոլորտներում երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև լեռնային շրջանների զարգացման ուղղությամբ Շվեյցարիայի փորձի փոխանակումը:

Շվեյցարիայի Համադաշնության նախագահը հետաքրքրվել է Վրաստանի կառավարության չորս կետից բաղկացած բարեփոխումների ծրագրի մասին: Իր հերթին Կվիրիկաշվիլին հույս է հայտնել, որ կրթական ոլորտի բարեփոխումների իրականացման գործում Շվեյցարիան կաջակցի Վրաստանին:

Կողմերը խոսել են նաև Վրաստանի և Ռուսաստանի միջև առկա հարաբերությունների մասին, քննարկել  են Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքներում տիրող իրավիճակը:

Կվիրիկաշվիլին շնորհակալություն է հայտնել Շվեյցարիայի նախագահին՝ Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանն աջակցելու և Ռուսաստանի հետ հարաբերություններում միջնորդի դեր ստանձնելու համար:

Լուսանկարը՝ Վրաստանի վարչապետի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան