Ոստիկաններին մեղադրել են դիրքի չարաշահումների մեջ

Վրաց ոստիկաններին կրկին մեղադրել են պաշտոնական լիազորությունների չարաշահման մեջ: Այս անգամ Սամցխե-Ջավախեթիի Խանդո գյուղից են տեղեկությունները:

Տեղի բնակիչները հայտել են, որ Վրաստանի ՆԳՆ-ի աշխատակիցները իրենց վրա ճնշում են գործադրել և ֆիզիկական ուժ կիրառել: Ոստիկաններն այս կերպ խոստովանական ցուցմուքներ են պահանջում` Խանդո գյուղի 78-ամյա բնակչուհու սպանության գործով: Այս տեղեկատվությունը տարածել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը: Հիշեցնենք` ոստիկանությունը կնոջը մահացած էր գտել օգոստոսի 28-ին, օրեր անց սկսվեց շրջանառվել սպանության վարկածը:

Գյուղի բնակիչ Ցոլակ Շիրինյանը հայտարարել է, որ օրեր առաջ ոստիկանները նրան բաժանմունք են տարել, ըստ նրա` ցուցմունքների պահանջով` իրավապահներն իր գլխին պոլիէթիլենային տոպրակ են անցկացրել և ծեծի ենթարկել: Շիրինյանը հրաժարվել է ընդունել սպանության մեղադրանքը, ինչից հետո ոստիկանները կապ են հաստատել նրա հորեղբոր հետ` սպառնացել հաշվեհարդար տեսնել նրա երեխաների նկատմամբ։ Իսկ մեղքն ընդունելու դեպքում Շիրինյանին խոստացել են օգնել` լքել երկիրը:

Իրավապահների ճնշումների մասին է բարձրաձայնել գյուղի մեկ այլ բնակիչ ևս: Նա նույնպես պնդում է, որ իրեն ոստիկանական բաժանմունք են տարել և ծեծի միջոցով փորձել խոստովանական ցուցմունք ստանալ: Բնակիչներն այնքան են վախեցած, որ տեղական իշխանություններից պահանջում են տեղի բոլոր ոստիկաններին հեռացնել ծառայությունից:

Սակայն ՆԳՆ-ի մամուլի ծառայությունն այս հայտարարությունները հերքել է և հայտատարել, որ Խանդոյի 78-ամյա բնակչուհու մահվան գործը վարույթում է` ինքնասպանության հասցնելու հոդվածով: Հատկանշական է, որ սա ոստիկանների կողմից դիրքի չարաշահման մասին առաջին ահազանգը չէ: Այս օգոստոսին Դապնարի գյուղի 22-ամյա բնակիչ Դեմուր Ստուրուան ինքնասպան էր եղել: Մահից առաջ թողած նամակում նա գրել էր, որ ոստիկան Թեվզաձեն իրեն սպառնացել է ձերբակալությամբ և հաշվեհարդարով, եթե ինքը չհայտնի` գյուղում ով կանեփ ունի ցանած: Ավելի ուշ Վրաստանի գլխավոր դատախազությունը հաստատեց, որ հենց նշված ոստիկանն է երիտասարդին ինքնասպանության հասցրել: Այժմ նա փախուստի մեջ է: Ավելի ուշ Դապնարիի մեկ այլ բնակիչ էր դիմել և հայտնել, որ ոստիկանի բռնի գործողությունները պարբերական բնույթ են ունեցել: ՆԳՆ-ն արդեն հայտնել է, որ չի պատրաստվում աչք փակել իրենց աշխատակիցների ապօրինի գործողությունների վրա: Օրեր առաջ նախարար Մղեբրիշվիլին ասել էր, թե Դապնարիի ողբերգությունը եզակի դեպք է:

Թողնել պատասխան