2018-19 ուստարվան ընդառաջ. նորի ու արդեն եղածի մասին (տեսանյութ)

Վրաստանի համար «սեպտեմբերի 1-ն» այս տարի սեպտեմբերի 17-ին է: Նոր ուսումնական տարին Վրաստանում որպես կանոն՝ մեկնարկում է սեպտեմբերի կեսերին: Սա վերաբերում է թե՛ դպրոցներին, թե՛ բուհերին ու նախակրթարաններին:

Նոր՝ 2018-19 ուսումնական տարին գալիս է մի շարք նորամուծություններով: Վրաստանի կառավարության որոշմամբ՝ ավելանում է դպրոցների ֆինանսավորումը: Բարեփոխումների շարքից. կրթական գործընթացը ժամանակակից եղանակով կազմակերպելու նպատակով՝ առաջին փուլում՝ հատկապես տարածաշրջանային 69 դպրոց կապահովվի անլար ինտերնետ ցանցային կապով:

Վրաստանյան դպրոցներում տարրական աստիճանի (I-VI) կրթության ընթացքում աշակերտը տնային առաջադրանքների համար չի գնահատվում միավորներով: Այս ուսումնական տարում հինգերորդ դասարանի առաջին կիսամյակում ևս, ինչպես 1-4-րդ դասարաններում, աշակերտների համար կկիրառվի ոչ թե միավորով, այլ «զարգացնող» գնահատում, սա ևս նորամուծություն է: Միավորներով գնահատումը կսկսվի հինգերորդ դասարանի երկրորդ կիսամյակից:

Երկրորդ դասարանցիների համար դասաժամի տևողությունը նվազել է 5 րոպեով և դարձել 40 րոպե: Երկու և ավելի հերթափոխ ունեցող կրթօջախներին իրավունք է տրվում 3-12-րդ դասարաններում դասաժամի տևողությունը սահմանել 40 րոպե: Թեթևանում են նաև 1-6-րդ դասարանցիների գրքերը, հետևաբար նաև դպրոցական պայուսակները: Մասնավորապես՝ առաջինից 4-րդ դասարանների յուրաքանչյուր ձեռնարկի միջին քաշը 400 գրամից հասնելու է 200 գրամի: Հաստափոր գրքերի ծանրությունը նվազեցվելու են՝ դրանք բաժանելով ու հրատարակելով առանձին՝ մի քանի մասերով: Նախարարության տեղեկատվությամբ՝ առաջինից 6-րդ դասարանների մի քանի առարկաների գրքերը կբաժանվեն երկու կամ երեք մասերի։

Լավ նորություն կա նաև մանկավարժների համար. նախօրեին երկրի վարչապետը հայտարարեց, որ մանկավարժների միջին աշխատավարձը հասնելու է 1500 լարիի, այսինքն եռապատկվելու է, բայց 2022-ից ոչ շուտ: Մամուկա Բախտաձեն ներկայացրել է կրթական համակարգի կատարելագործման երկարաժամկետ ծրագիր:

Արդեն խոսվել է նաև միասնական պետական քննությունների 2005-ին ներդրված մոդելի փոփոխման մասին: Ներկայումս աշակերտից ուսանող դառնալու համար 3 պարտադիր քննություն է սահմանված՝ ընդհանուր հմտություններ, վրաց լեզու և գրականություն և օտար լեզու, նաև մեկ ընտրովի առարկա: Ակնարկվել է միասնական ազգային քննությունները ամռանից գարնան ամիսներ տեղափոխելու մասին:

Բարեփոխումներ են նախատեսվում մասնագիտական կրթության ոլորտում: Այս ուղղությամբ շեշտ է դրվելու պրակտիկայի վրա, առաջնահերթություն է համարվելու ձեռներացական կրթությունը:

Վրաստանի ոչ վրացալեզու դպրոցներում կամ դպրոցների բաժիններում (սեկտորներում) ազգային ուսումնական նոր ծրագրի ներդրումը կսկսվի 2019-2020 ուսումնական տարվանից: Ներկայումս ընթանում է երկրի հայալեզու դպրոցների կամ բաժինների համար հայոց լեզվի և գրականության 1-9-րդ դասարանների չափորոշիչների և ուսումնական ծրագրերի մշակումը: Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ազգային ուսումնական ծրագրերի վարչության ոչ վրացալեզու դպրոցներում ուսումնական ծրագրերի ներդրման փորձագետ Կարինե Մանուկյանն ասում է, որ նախորդ տարի ՀՀ սփյուռքի նախարարության կողմից Վրաստանի հայալեզու դպրոցները ամբողջությամբ ապահովվել են մայրենի լեզվի դասագրքերով, մասնակիորեն՝ 9-րդ դասարանի հայոց լեզվի և գրականության ձեռնարկներով: Առաջիկայում նաև նոր այբբենարաններ և 9-րդ դասարանի մայրենիի դասագրքեր են տրամադրվելու, այս ուղղությամբ ՀՀ սփյուռքի և Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունների կողմից քայլեր են իրականացնում:

Եվս մեկ նորամուծություն. ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, ովքեր սովորում են վրացալեզու դպրոցներում կամ բաժիններում, կրթօջախը իրավասու է առաջարկել մայրենի լեզվի ուսուցման դասաժամեր: Կրթական ոլորտի մասնագետի խոսքով՝ նշված առարկայի ուսուցման համար աշակերտների խումբը կարող է համալրված լինել նույն դասարանի կամ՝ տարբեր դասարանների աշակերտներով՝ առնվազն տասը հոգի: Առարկայի ներդրման դեպքում, այն պետք է արտացոլվի դպրոցական ուսումնական ծրագրում, իսկ աշակերտը գնահատվի միավորներով: Օտար լեզուների (գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն և այլն) ուսուցման ուժեղացման նպատակով՝ դպրոցը հինգերորդ դասարանից աշակերտին երկրորդ օտար լեզուն ընտրելիս պետք է առաջարկի առնվազն երկու օտար լեզու: Այս հանգամանքը երիտասարդներին հնարավորություն կտա եվրոպական համալսարաններում ստանալ անվճար որակյալ բարձրագույն կրթություն:

«2018-19 ուսումնական տարին շատ կարևոր կլինի 98 հանրային դպրոցի համար, քանի որ դպրոցը շատ նորություններով է դիմավորում ուսումնական տարին:Մեր առաջնահերթությունը նորից նույնն է մնում՝ այսինքն քաղաքական ինտեգրման ապահովումը, քանի որ մենք արդեն 25-ից ավելի ազգության երիտասարդների ենք ծառայում: Դպրոցը, ուսուցիչները փորձում են ամեն ինչ անել, որպեսզի այստեղ հաճախող մեր յուրաքանչյուր փոքրիկ ընկերոջ համար ուսումնական պատշաճ միջավայր ապահովվի: Ինչ վերաբերում է կոնկրետ նորություններին, կազմվել են նոր ուսումնական ծրագրերը, նաև ուսուցիչները վերապատրաստման փուլ են անցել, որի գլխավոր նպատակը երեխայակենտրոն դասավանդումն է: Այս տարի մենք ընդունել ենք հինգ առաջին դասարան, գրանցումն էլեկտրոնային է, այս պահի դրությամբ գրանցված է 130  առաջին դասարանցի, շուտով կունենանք բաց դռների օր, երբ աշակերտները և ծնողները հնարավորութուն կունենան ծանոթանալու դպրոցի միջավայրին», — ասում է Թբիլիսիի 98 հանրային դպրոցի տնօրեն Գիորգի Մոմցելիձեն։