21 զոհ, 12 անհետ կորած. վերջին տվյալներն աղետի գոտուց

Վրաստանի Ռաճայի մարզի Շովի հանգստավայրում տեղի ունեցած տարերային աղետի գոտում ևս մեկ զոհի մարմին է հայտնաբերվել, այս պահի դրությամբ (14:40) զոհերի թիվը հասել է 21-ի: Տեղեկությունը հաստատել է Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը (ԱԻԿ):

Ըստ տեղեկության՝ աղետի էպիկենտրոնից 2 կմ հեռավորության վրա հայտնաբերվել է դեռահասի մարմին:

ԱԻԿ ծառայության ղեկավար Թեմուր Մղեբրիշվիլին հայտնել է, որ դեռևս 12 մարդ որոնվում է: Նրա խոսքով, որոնողական աշխատանքներ են իրականցվում աղետի գոտու 9 վայրում: Այս պահի դրությամբ 4 զոհի ինքնությունը պարզվում է։ Զոհվածներից 14-ի ինքնությունը հայտնի է։

Արդեն 6-րդ օրն է փրկարարական աշխատանքներն աղետի գոտում շարունակվում են։ Վրաստանում օգոստոսի 7-ը սգո օր էր հայտարարվել:

Ուշագրավ է, որ սողանքի հետևանքով անհայտ կորածների ցուցակում հայտնված քաղաքացիներից մեկը հայտնաբերվել է Թբիլիսիում: Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարար Իրակլի Քարսելաձեն պարզաբանել է, որ անհայտ կորածների ցուցակում ընդգրկված և օգոստոսի 8-ին ոստիկանության կողմից հայտնաբերված քաղաքացին ընդհանրապես չի եղել Շովիում, իսկ անուն-ազգանունը անհայտ կորածների ցուցակում սխալ է մուտքագրվել։

Հիշեցնենք՝ օգոստոսի 3-ին, ժամը 16:00-ի սահմաններում տեղեկություն տարածվեց, որ Շովի հանգստավայրում սողանքային փլուզումներ են տեղի ունեցել: