Ապրիլի 26-ին Վրաստանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 62 նոր դեպք: Դրականության օրական ցուցանիշը կազմում է 1.35%:
Վրաստանում արդեն մոտ 4 000 քաղաքացի ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի լրացուցիչ՝ չորրորդ չափաբաժինը։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին աշխատանքային այցով ԱՄՆ-ում է։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ղազախստանի Հանրապետության նախագահի արտաքին գործերի հատուկ ներկայացուցիչ Երզան Կայզիխանի գլխավորած պատվիրակության։
Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին ապրիլի 26-27-ը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջանի Հանրապետություն։
Ապրիլի 25-ին YouTube հարթակում աուդիո ձայնագրություն է տարածվել, ըստ որի՝ իբր զրուցել են Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, Վրաստանի նախկին վարչապետ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլին և ռուս միլիարդատեր, «Սիստեմ» կորպորացիայի սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովը, ավելին՝ այստեղ:
Ուկրաինայի Ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան Եվրամիությանն ու ԱՄՆ-ին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, Վրաստանի նախկին վարչապետ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն, անդրադառնալով Արախամիայի կոչին, ասել է, որ Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո հանրությունը «վատ բաներ» կիմանա Դավիթ Արախամիայի մասին։ Մանրամասն՝ այստեղ:
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը ФЕЙГИН LIVE -ի եթերում ասել է, որ Վրաստանի և Մոլդովայի ղեկավարությունները պատերազմի մարդիկ չեն:
Վրաստանի ընդդիմադիր «Լելո» կուսակցության ղեկավարներից Բադրի Ջափարիձեն կոչ է արել իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը՝ թույլ տալ Ուկրաինայի նախագահին ելույթ ունենալ Վրաստանի խորհրդարանում։
Երեկ առավոտից լրատվամիջոցները գրեցին, թե Վրաստանի չորրորդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին դառնում է Վրաստանի ընդդիմադիր, երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության նախագահ, ավելին՝ այստեղ:
Ռուսական Russia Today լրատվական գործակալության տնօրեն և ռուսական քարոզչամեքենայի ակտիվ տարածող համարվող հայազգի Մարգարիտա Սիմոնյանի կարծիքով, Վրաստանի կառավարությունը «զարմանալիորեն ադեկվատ է»։ Մանրամասն՝ այստեղ:
Աբխազիայի դե ֆակտո հանրապետության անվտանգության գործակալության տվյալներով՝ Էնգուրիում միայն 2022 թվականի առաջին եռամսյակում «Աբխազիայի պետական սահմանն ապօրինի հատելու» մեղադրանքով ձերբակալվել է մինչև 250 մարդ։
2023 թվականի Եվրոպայի ՈՒԵՖԱ-ի մինչև 21 տարեկանների առաջնությունը կկայանա Վրաստանում։
Վրաստանում երեկվանից ուժի մեջ է մտել նոր օրինագիծ, ըստ որի՝ հաջողակ մարզիկները կնդունվեն Վրաստանի սպորտի և ֆիզիկական կրթության պետական համալսարան՝ առանց միասնական ազգային քննություններին մասնակցելու։
Մառնեուլիի շրջանի Կիրովկա գյուղի բնակիչները պահանջում են կասեցնել գյուղի անվանափոխության հետ կապված ընթացակարգերը։
PMC հետազոտական կենտրոնը հրապարակել է զբաղվածության թարմացված վիճակագրությունը, ըստ որի՝ 2022 թվականի մարտին աշխատավարձ ստացողների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4,9 տոկոսով:
Ըստ Վրաստանի Ազգային բանկի հաշվետվության՝ քաղաքացիները 15,7 միլիարդ լարիի ավանդներ ունեն առևտրային բանկերում։ Այդ գումարի 69 տոկոսը կամ 10,8 մլրդ լարին արտարժույթով է։
Եվ վերջում՝ ապրիլի 26-ի առուվաճառքի արդյունքում Վրաստանի ազգային արժույթը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 0,01 թեթրիով, ինչի արդյունքում մեկ դոլարի դիմաց պաշտոնական արժեքը կազմել է 3,0368 լարի։ Ազգային արժույթը եվրոյի նկատմամբ ամրապնդվել է 6,32 թեթրիով, ինչի արդյունքում մեկ եվրոյի պաշտոնական արժեքը դարձել է 3,2473 լարի։