Անապահով երեխաներին տրվող օգնությունը կկրկնապատկվի

Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլիի խոսքով՝ հաջորդ տարվանից սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին տրվող ամենամսյա օգնությունը կկրկնապատկվի:

«Սա սոցիալապես անապահով երեխաներին օգնելու 200 լարի (մոտ 66 դոլար) արժողությամբ ծրագիր է, որն աստիճանաբար կավելացվի», — ասել է Ազարաշվիլին:

Ըստ Ազարաշվիլիի՝ կրկնապատկումը կիրականացվի երկու փուլով՝ այս տարվա հունիսից կավելանա 50 լարիով (մոտ 17 դոլար) և կկազմի 150 լարի (մոտ 51 դոլար) նախկին 100-ի փոխարեն, իսկ 2023 թվականի հունվարից կավելանա ևս 50 լարիով (մոտ 17 դոլար) և կկազմի 200 լարի (մոտ 66 դոլար)։

Որոշումը վերաբերում է ավելի քան 215 հազար երեխայի։