Մարտի 2-ին Վրաստանի խորհրդարանի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ ձերբակալված «Պուբլիկա» լրատվական ընկերության տնօրեն, լրագրող Զուրա Վարդիաշվիլիին դատարանը տուգանել է 2 200 լարիով։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) Վարդիաշվիլիին մեղադրել է մանր խուլիգանության և ոստիկանությանը անհնազանդության մեջ։ Դատարանում հարցված ոստիկանները հայտարարել են, որ Վարդիաշվիլին հայհոյել է և չի ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին։
Հատկանշական է, որ ինքը՝ Վարդիաշվիլին, հերքել է նշված մեղադրանքը։ Վարդիաշվիլիի խոսքով, ինքը դեռ չի որոշել, կբողոքարկի՞, թե՝ ոչ դատարանի տուգանքի որոշումը:
Հիշեցնենք՝ մարտի 2-ին Թբիլիսիում՝ խորհրդարանի մոտ, հարյուրավոր քաղաքացիներ էին հավաքվել «Օտարերկրյա ազդեցության գործակալների մասին» օրենքի նախագծի դեմ։ Այդ գիշեր ոստիկանությունը ձերբակալել է շուրջ 30 մարդու, այդ թվում՝ Վարդիաշվիլիին:
Հետագա օրերին, հատկապես մարտի 7-ին և 8-ին, ընդլայնվեցին ցույցերը ընդդեմ ռուսական ռեպրեսիվ օրենքի։ Իշխանությունները 2 օր շարունակ ցրեցին հանրահավաքը, որին հաջորդեց ցուցարարներից մի քանիսի հակազդեցությունը։ Այս ընթացքում Ռուսթավելիի պողոտայում վնասվել են ավտոմեքենաներ և խորհրդարանի շենքը, վիրավորվել են մոտ 50 ոստիկաններ և հանրահավաքի բազմաթիվ մասնակիցներ, իսկ ձերբակալվածների թիվը գերազանցել է 130-ը։
Ի վերջո, բուռն բողոքի ֆոնին կառավարությունը մարտի 10-ին հետ կանչեց «գործակալների մասին» երկու օրենքների նախագծերը։