Գերմանիայի ապագա կառավարության դիրքորոշումը Վրաստանի ԵՄ անդամակցության վերաբերյալ

Գերմանիայի ապագա կառավարության համար կազմված կոալիցիոն համաձայնագրում խոսվում է նաև Վրաստանի՝ Եվրոպական միությանը միանալու մասին։

Կոալիցիոն համաձայնագրում, որը ստորագրվել է Գերմանիայի ապագա կառավարող ուժերի՝ Քրիստոնեադեմոկրատական միության (CDU), Քրիստոնեասոցիալական միության (CSU) և Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) միջև, նշված է.

«Վրաստանի անդամակցության գործընթացի շարունակումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ այլևս կասկածներ չլինեն ժողովրդավարական գործընթացների պահպանման հարցում։ Մենք աջակցում ենք եվրոպամետ ուժերին»։

Կոալիցիոն համաձայնագրի այն հատվածը, որտեղ խոսվում է Վրաստանի ԵՄ-ին անդամակցելու մասին, X հարթակում տարածել է Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերը՝ գրելով. «Սա Գերմանիայի ապագա կառավարության դիրքորոշումն է»։