Վրաստանի իշխանությունների ուշադրությունը գրավելու համար Ճիաթուրայի հինգ հանքափորներ հացադուլ են սկսել: Նրանք բողոքում են Ճիաթուրայի մունիցիպալիտետում մանգան արդյունահանող «Ջորջիան մանգանեզ» ընկերությանը կառավարող «Ճիաթուրա նենեջմենթ քոմփանի»-ի (CMC) նախաձեռնած գործընթացի դեմ, քանի որ կարծում են, որ իրենցից ոմանք անգործ կմնան։
«Հինգ մարդ հացադուլ է սկսել։ Նրանք միայն ջուր և հեղուկներ են ստանում։ Ցանկացողները շատ են, ավելի մասշտաբային կդառնա։ Հուսով եմ, մեր կառավարությունը ուշադրություն կդարձնի մեզ և կլսի աշխատավոր մարդկանց, սովորական մարդկանց, որոնք ճշմարիտ բաներ են ասում», — ճեպազրույցի ժամանակ ասել է հանքափորներից մեկը։
Նրա խոսքով, մեկ այլ հանքագործ արդեն երրորդ օրն է, ինչ «չոր» հացադուլ է անում և բժշկական օգնության կարիք է ունեցել։
Ապրիլի 24-ին հանքափորները հրապարակել են «Ջորջիան մանգանեզ»-ից ստացված դիմումի ձևերը, որը ստորագրելու դեպքում կենթադրվի, որ աշխատակիցները համաձայն են.
- ընկերությունը վերակազմավորման փուլում է, որի շրջանակներում որոշ աշխատակիցներ կարող են գործազուրկ դառնալ,
- ընկերությունը չի պարտավորվում վերստին աշխատանքի ընդունել ներկայումս աշխատող բոլորին, «ընկերությունը հայտնում է իր պատրաստակամությունը» օգնել թափուր աշխատատեղեր գտնելու հարցում,
- աշխատանքային ժամերը կրճատվում են հերթափոխային գրաֆիկից (12 ժամ) մինչև 8 ժամ։
«Եթե դուք ստորագրեք ընկերության առաջարկած հայտարարությունը, իմացեք, որ ստորագրում եք աշխատանքը կորցնելու դիմումը… Ընկերության հայտարարությունը ստորագրելով՝ ձեր աշխատելու հեռանկարը պայմանավորված է լինելու ընկերության ցանկությամբ: Ավելին` իր համար ընդունելի պայմաններով. ձեր աշխատավարձը կնվազի, և ձեր աշխատանքային ռեժիմը կփոխվի», — ասված է ապրիլի 24-ին «Հանքափորներ» ֆեյսբուքյան էջի հայտարարության մեջ:
Այդ ժամանակ ընկերության մամուլի ծառայությունից վրաստանյան «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էին, թե «վերակազմավորման նպատակն աշխատանքների պատշաճ և արդյունավետ իրականացումն է, ինչն անմիջականորեն կապված է ինչպես ընկերության կադրային քաղաքականության, այնպես էլ շահագործման ծախսերի կրճատման հետ»։
Դրանից մեկ օր առաջ՝ ապրիլի 23-ին, Ճիաթուրայի կառավարման ընկերությունը հայտարարություն էր տարածել, որում նշված էր, որ «նախատեսվում է Ճիաթուրայում հանքարդյունաբերական գործունեության վերականգնում և վերակազմակերպում»։
Ճիաթուրացի հանքագործները, որոնք ամիսներ շարունակ պահանջում էին այդ ընկերություններին հանել հանքարդյունաբերական գործունեությունից և ցույցեր էին անում, պնդում են, որ ընկերությունը խոսում է «վերջնագրերի» լեզվով և սպառնում է «ռեպրեսիաներ» կիրառել։
Մանգանի արդյունահանումը Ճիաթուրայում զբաղվածության հիմնական աղբյուրն է։ Վերջին շաբաթներին հանքափորները բողոքի ցույցեր են անցկացնում՝ կառավարության ուշադրությունը գրավելու համար։
Ճիաթուրայում հանքարդյունաբերության գործընթացի հիմնական մասը կասեցված է 2024 թվականի նոյեմբերի 1-ից։ Այդ ժամանակ աշխատակիցները խոստում էին ստացել, որ իրենց աշխատավարձի 60 տոկոսը կվճարվի մինչև 2025 թվականի մարտի 1-ը։
Մարտի 7-ին ընկերությունը հայտարարություն տարածեց, որում նշված էր, որ այլևս չի վերսկսելու Ճիաթուրայում ստորգետնյա աշխատանքները։