Գիորգի Տկղեմալաձեն՝ Թբիլիսիի փոխքաղաքապետ

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն փոխքաղաքապետի պաշտոնում առաջադրել է Գիորգի Տկղեմալաձեի թեկնածությունը։ Տկղեմալաձեն նախկինում Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահն էր։

Կալաձեն Տկղեմալաձեին ներկայացնելիս վերջինիս անվանել է իրենց թիմի «ակնառու առաջնորդներից մեկը»:

«Ցանկանում եմ ձեզ ներկայացնել մի մարդու, որը փոխքաղաքապետի պաշտոնի համար ներկայացման կարիք չունի։ Նա մեր թիմի ակնառու առաջնորդներից մեկն է։ Տարիներ շարունակ նա ներգրավված է եղել բոլոր գործողություններում, բոլոր գործընթացներում, որոնք կոչվում են քաղաքի զարգացում, քաղաքի վերակառուցում։ Ցանկանում եմ ձեզ ներկայացնել Գիորգի Տկղեմալաձեին։ Գիորգին երկու գումարումների սակրեբուլոների (քաղաքային խորհրդի — հեղ.) նախագահն է։ Մայրաքաղաքում իրականացվող և իրականացված բոլոր նախագծերը, իհարկե, կատարվել են քաղաքային խորհրդի և անձամբ Գիորգիի մասնակցությամբ», — ասել է Կալաձեն։

Կալաձեն շնորհակալություն է հայտնել Իրակլի Խմալաձեին իր աշխատանքի համար. նա փոխքաղաքապետ էր, իսկ այժմ նշանակվել է «Վրացական երազանք»-ի արդարադատության փոխնախարար։