Թբիլիսիի սակրեբուլոն (քաղաքային խորհուրդ), որտեղ «Վրացական երազանք» կուսակցությունը մեծամասնություն է, Զուրաբ Աբաշիձեին ընտրեց սակրեբուլոյի նախագահ։ Քվեարկությունը տեղի է ունեցել այսօր՝ մայիսի 23-ին։
«Մեծամասնություն կազմող խմբակցության հետ խորհրդակցություններից հետո բոլորը գիտեն, որ ընտրությունը կատարվել է պարոն Զուրաբ Աբաշիձեի օգտին։ Կարծում եմ՝ Զուրաբի մասին շատ խոսելու կարիք չկա։ Բոլորը գիտեն, որ նա մեր գործընկերն է, մենք բոլորս լավ գիտենք նրա փորձի և պրոֆեսիոնալիզմի մասին», — ասել է քաղաքային խորհրդի նախագահի առաջին տեղակալ Գիորգի Ախվլեդիանին, որը վարում էր նիստը։
Նրա գործընկերները շնորհավորել են Աբաշիձեին պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Աբաշիձեն շնորհակալություն է հայտնել «Վրացական երազանք»-ի առաջնորդներին՝ նախ հիշատակելով կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիին, ապա թվարկելով այլ բարձրաստիճան պաշտոնյաների։
Մինչ քաղաքային խորհրդի նախագահ դառնալը Զուրաբ Աբաշիձեն զբաղեցնում էր փոխնախագահի պաշտոնը։ Նա քաղաքային խորհրդի անդամ դարձավ 2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։ Նախկինում նա Ղազախստանում դեսպան էր և խորհրդարանի անդամ։
Նրա քաղաքական գործունեությունը սկսվել է այն ժամանակ, երբ իշխանության գլուխ էր այժմ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում»-ը։ Տարբեր ժամանակներում Աբաշիձեն եղել է.
- 2004 — 2005թթ.՝ արդարադատության փոխնախարար, արդարադատության նախարարության գլխավոր տեսչության պետ;
- 2005 — 2007 թվականներին՝ ֆինանսների փոխնախարար, կառավարության աշխատակազմի ղեկավար, Աբխազիայի Ինքնավար Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար;
- 2007 — 2008 թվականներին՝ Վրաստանի վերահսկիչ պալատի գլխավոր տեսչության ղեկավար;
2010 – 2012 թվականներին՝ Թբիլիսիի քաղաքային խորհրդի անդամ, նախագահի տեղակալ։
Այսօրվա նիստում դադարեցվեցին քաղաքային խորհրդի նախկին նախագահ Գիորգի Տկղեմալաձեի լիազորությունները։ Նա Թբիլիսիի փոխքաղաքապետ դարձավ մայիսի 21-ին։