Կոբախիձեն Բուդապեշտում հանդիպել է Վիկտոր Օրբանին

Բուդապեշտում, Պահպանողական քաղաքական գործողությունների համաժողովի շրջանակներում, «Վրացական երազանք» կուսակցության նախագահ և նույն կուսակցության հաստատած կառավարության վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին։

«Անձնական հանդիպման ժամանակ քննարկվեց Վրաստանի և Հունգարիայի միջև հաջող համագործակցությունը։ Վարչապետը շնորհակալություն հայտնեց հունգարացի գործընկերոջը տարբեր հարթակներում Վրաստանին ցուցաբերած ամուր աջակցության համար»։ — գրված է տարածած հայտարարության մեջ։

Կոբախիձեն ևս X հարթակում արձագանքել է հանդիպմանը։

«Ես շատ լավ հանդիպում ունեցա Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ։ Մենք քննարկեցինք Վրաստանի և Հունգարիայի միջև աճող գործընկերությունը։ Մենք մեծապես գնահատում ենք Հունգարիայի աջակցությունը Վրաստանի եվրոպական ինտեգրմանը և մեր համատեղ հանձնառությունը տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը», — գրել է Կոբախիձեն։

Այս ամսվա ընթացքում Կոբախիձեն երկրորդ անգամ է հանդիպում Օրբանին։ Նրանք հանդիպել են նաև մայիսի 16-ին՝ Ալբանիայում կայացած գագաթնաժողովի շրջանակներում։