Վրաստանում իշխանության ղեկին գտնվող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադրվել է ներքին գործերի նախարարություն (ՆԳՆ) բողոք ներկայացնել նրանց դեմ, ովքեր «վիրավորում», «հայհոյում», «սպառնում» և «բուլինգ» են անում սոցիալական ցանցերում։
Կուսակցության առաջնորդներից Իրակլի Կիրցխալիան խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ ասել է, որ այդ նպատակով կօգտագործեն 2025 թվականի փետրվարին ընդունված օրենքը։
«Արտերկրներից ֆինանսավորվող ծայրահեղականները չեն խուսափում վիրավորական արտահայտություններից, սպառնալիքներից, ահաբեկումներից, ընտանիքի անդամներին և հարազատներին (իշխող էլիտայի — հեղ.) բուլինգի ենթարկելուց, և դա, ինչպես նշեցինք, դարձել է այնքան համատարած ու համակարգված, որ այդ ահաբեկությանն արձագանքելը ոչ միայն մեր իրավունքն է, այլև պարտավորությունը», — ասել է Կիրցխալիան։
Նա կոնկրետ անձանց անուններ չի տվել, որոնց դեմ «Վրացական երազանք»-ը մտադիր է բողոք ներկայացնել ՆԳՆ։
«Վրացական երազանք»-ի պատգամավորները, եվրոպամետ հանրահավաքներին զուգահեռ, խորհրդարանում գրանցել են վիճահարույց օրինագիծ, որը կպատժի քաղաքական պաշտոնյաներին, պետական ծառայողներին և ոստիկաններին վիրավորողներին: Օրենքի ընդունումից հետո քաղաքական պաշտոնյայի հասցեին վիրավորանքները, հայհոյանքները կամ նմանատիպ արտահայտությունները պատժվում են տուգանքով՝ 1500-ից 4000 լարիով կամ մինչև 45 օր ազատազրկմամբ։