Տուգանքներ սոցցանցերում հրապարակված գրառումների համար

Սոցցանցերում հրապարակված գրառումների համար հասարակական և քաղաքական գործիչների, ակտիվիստների, լրագրողների նկատմամբ վարչական իրավախախտման ավելի քան 20 վարույթ է սկսվել, և նրանցից ոմանց դատարանն արդեն մեղավոր է ճանաչել և տուգանել:

Դատական վարույթը սկսվել է այն բանից հետո, երբ իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչները բողոք են ներկայացրել Ներքին գործերի նախարարություն: Կուսակցությունը հայտարարել է, որ այս գործընթացը պետք է դառնա նախադեպ և օրինակ նրանց համար, ովքեր, իրենց կարծիքով, չարաշահում են խոսքի ազատությունը հասարակական վայրերում։

Պաշտոնատար անձանց և քաղաքական գործիչների նկատմամբ վիրավորական արտահայտությունները, հայհոյանքները և այլ նսեմացնող գործողությունները՝ կապված նրանց պաշտոնական գործունեության հետ, պատժելի են դարձել փետրվարից։ Այս խախտումը պատժվում է մինչև 4000 լարի տուգանքով կամ մինչև 45 օր կալանքով։

Հունիսի 12-ին ՆԳՆ-ն սկսել է քննարկել նմանատիպ գործերով ներքոնշյալ քսան անձի դեմ ներկայացված հայցերը.

  • Նանուկա Ժորժոլիանի — լրագրող,
  • Վախո Սանաիա — լրագրող,
  • Վիկա Բուկիա — լրագրող,
  • Դեա Մամիսեիշվիլի — լրագրող,
  • Էկա Միշվելաձե — լրագրող,
  • Միշա Մշվիլդաձե — լրագրող,
  • Թամար Չերգոլեիշվիլի — քաղաքական գործիչ,
  • Լևան Խաբեիշվիլի — քաղաքական գործիչ,
  • Էլենե Խոստարիա — քաղաքական գործիչ,
  • Ալեկո Էլիսաշվիլի — քաղաքական գործիչ,
  • Գիորգի Թումասյան — ակտիվիստ,
  • Անա Սուբելիանի — ակտիվիստ,
  • Բաիա Պատարաիա — ակտիվիստ,
  • Դավիթ Քացարավա — ակտիվիստ,
  • Գիորգի Քադագիձե — ակտիվիստ,
  • Քեթի Մոլաշվիլի — ակտիվիստ,
  • Իրակլի Գվալիա — ակտիվիստ,
  • Մարիամ Գեգուչաձե — ակտիվիստ,
  • Գիգա Մակարաշվիլի — ակտիվիստ:

Լրագրողներին, ակտիվիստներին և քաղաքական գործիչներին սպառնում է 1500-ից 4000 լարի տուգանք կամ մինչև 45 օր ազատազրկում Facebook-ում գրառումներ անելու համար: «Վրացական երազանք»-ը խստացրել է վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը եվրոպամետ հանրահավաքներին զուգահեռ:

Բոլոր դեպքերում պատճառը սոցցանցերի հրապարակումներն էին ուղղված «Վրացական երազանք»-ի մի շարք պատգամավորների` Մամուկա Մդինարաձեի, Մարիամ Լաշխիի և այլոց:

Մայիսի 30-ին, Մարիամ Լաշխիի բողոքի հիման վրա, ակտիվիստներ Թաթիա Ափրիամաշվիլին և Լիկա Լորթքիփանիձեն դատապարտվեցին 12-օրյա վարչական կալանքի, իսկ Մագդա Մամուկաշվիլիին դատավորը տուգանեց 4000 լարիի չափով։

«Վրացական երազանք» խորհրդարանական խմբակցության առաջին փոխնախագահ Իրակլի Կիրցխալիան հունիսի 6-ին հայտարարեց, որ խմբակցության անդամների դեմ վիրավորանքների արշավի կապակցությամբ վարչական բողոք կներկայացնի Ներքին գործերի նախարարություն։

Նրա խոսքով՝ հայցը կհիմնվի Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի փետրվարին կատարված փոփոխության վրա, որը պետական ​​պաշտոնյային վիրավորելը դարձրեց վարչական իրավախախտում։

Հատկանշական է, որ քաղհասարակությունը բացասական է գնահատում Սահմանադրությամբ պաշտպանված խոսքի և արտահայտվելու իրավունքի նմանօրինակ սահմանափակումը: Շատերը մատնանշում են վիրավորանքների և հայհոյանքների կիրառումը խորհրդարանականների ելույթներում և պահանջում դատապարտել նաև նրանց: