Georgian Airways-ը չեղարկել է դեպի Իսրայել չվերթերը

Georgian Airways ավիաընկերությունը հայտարարել է, որ անվտանգության նկատառումներով չեղարկվել են հունիսի 16-17-ը դեպի Իսրայել նախատեսված չվերթերը։

Ավիաընկերությունը հայտնել է, որ այդ չվերթերի համար տոմսեր գնած ուղևորներին առաջարկում է փոխանակում։

«Տեղեկացնում ենք, որ Թբիլիսի-Թել Ավիվ-Թբիլիսի երթուղով հունիսի 16-ին և 17-ին նախատեսված չվերթերը չեղարկվել են անվտանգության նկատառումներով։

Այդ չվերթերի համար արդեն տոմսեր գնած ուղևորներին առաջարկվում է տոմսերի փոխանակման կամ գումարի վերադարձի հնարավորություն։

Տոմսերը կարող են փոխանակվել կամ վերադարձվել գնման վայրում։

Georgian Airways-ը իր կանոնավոր չվերթերը դեպի այլ ուղղություններ, բացառությամբ Թել Ավիվի, իրականացնում է առանց ընդհատումների և ժամանակացույցի համաձայն», — ասված է հայտարարության մեջ։

Հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ հարձակում է իրականացրել Իրանի ռազմական և միջուկային օբյեկտների վրա։ 

Ի պատասխան` Իրանն անօդաչու թռչող սարքերով հարձակումներ է գործել Իսրայելի քաղաքների, այդ թվում՝ Թել Ավիվի և Հայֆայի վրա։