Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերության խորացման նոր հնարավորությունների շուրջ քննարկումները մեկնարկեցին Տավուշի մարզում՝ տարածաշրջանային համաժողովի շրջանակներում, կազմակերպված ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի և «Օրբելի» վերլուծական կենտրոնի կողմից։ Երեք օր տևող փորձագիտական համաժողովին մասնակցում են պետական պաշտոնյաներ, վերլուծաբաններ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ ու լրագրողներ՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ Վրաստանից։
Հունիսի 18-ին համաժողովի մասնակիցները մեկնել էին Տավուշի մարզ՝ այցելելով Իջևան, որտեղ կայացավ աշխատանքային հանդիպում Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանի և Հայաստանում տեղակայված Եվրամիության դիտորդական առաքելության (EUMA) ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այս հանդիպումը համաժողովի առաջին օրվա առանցքային իրադարձությունն էր՝ նվիրված հայ-վրացական հարաբերությունների տեղական մակարդակով զարգացման հնարավորություններին և տարածաշրջանային անվտանգությանը։
Իր խոսքում Նարեկ Ղուշչյանը շեշտեց, որ Հայաստանի կողմը բաց է վրացական կողմի հետ գործընկերության խորացման համար՝ ընդգծելով հատկապես մշակույթի, զբոսաշրջության, գինեգործության ոլորտները։ Նա առաջարկեց այդ համագործակցությունը դուրս բերել առողջ մրցակցությունից և դարձնել կլաստերային գործընկերության ձևաչափով, որից կշահեն երկու երկրների տնտեսությունը և տեղական արտադրողները։
«Նկատի ունենալով, որ ինչպես զբոսաշրջության, այնպես էլ գինեգործության ոլորտում Հայաստանը և Վրաստանը հանդես են գալիս որպես տարածաշրջանային առաջատարներ, կարիք կա ստեղծելու ոչ միայն մրցակցային, այլև համատեղ զարգացման հարթակներ։ Սա հնարավորություն կտա երկու երկրներին ընդլայնելու սպառման շուկաները, խթանելու տեղական արտադրանքը և ձևավորելու նոր բիզնես մոդելներ՝ միաժամանակ զարգացնելով սահմանամերձ շրջանները», — նշեց Ղուշչյանը։
Տավուշի մարզպետի տեղակալը տեղեկացրեց, որ համագործակցության օրինակներ արդեն կան։ Դրանցից մեկը հայկական Իջևանի և վրացական Ռուսթավիի միջև կնքված փոխըմբռնման հուշագիրն է, իսկ մյուսը՝ հայ-վրացական համատեղ նախաձեռնությամբ իրականացվող «Միմինո» խոհարարական փառատոնը, որն այս տարի ևս անցկացվելու է Իջևանում։ Փառատոնը միավորում է երկու երկրների համեղ ավանդույթներն ու խոհարարական ժառանգությունը՝ ստեղծելով մշակութային կամուրջ։
Համաժողովի մասնակիցների առաջ հանդես եկավ նաև ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչը. նա պատմեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծման գործընթացի վրա իրենց աշխատանքի և ներկայության ազդեցության մասին։ Նրա խոսքով՝ վերջին մեկ տարում Տավուշի մարզում իրականացվել է շուրջ 12 կմ երկարությամբ սահմանագծման աշխատանք, ինչը, ըստ դիտորդների, կարևոր քայլ է ոչ միայն տարածքային անվտանգության, այլև տարածաշրջանային կայունության առումով։
Հանդիպումից հետո մասնակիցներն այցելեցին Կիրանց և Ոսկեպար սահմանամերձ համայնքներ, որտեղ տեղում դիտարկեցին սահմանագծման նորացված հատվածներն ու իրավիճակը սահմանային գոտում։ Այցի նպատակը տեղում գնահատելն էր՝ ինչպես տարածքի անվտանգային պայմանները, այնպես էլ երկկողմ համագործակցության հնարավորությունները տեղական մակարդակում։
Հունիսի 19-ին և 20-ին համաժողովը կշարունակվի Դիլիջանում՝ Կենտրոնական բանկի ուսումնահետազոտական կենտրոնում, որտեղ մասնակիցները կքննարկեն նաև ենթակառուցվածքների զարգացումը, տնտեսությունը, տրանսպորտը, ռազմավարական հաղորդակցությունը և փոխշահավետ համագործակցության մոդելները՝ դիտարկելով նոր գործընկերության հորիզոնները։
«Ալիք Մեդիա»-ն շարունակելու է տեղում հետևել զարգացումներին և ընթերցողներին ներկայացնել երկու երկրների միջև ձևավորվող գործընկերության մանրամասները: